Դպրոցի տնօրենը խախտումներով է լիցենզիա ստացել. նրանով զբաղվում է Գլխավոր դատախազությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի՝ արդեն նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի եւ դպրոցի ուսուցիչների միջեւ առկա հակամարտությունը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչների բողոքների հիման վրա ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հունիսի տասնմեկին աշխատանքից ազատել է Արամ Ստեփանյանին: Նշենք, որ աշխատանքից ազատման պատճառը եղել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության ստուգումների արդյունքը, համաձայն որի՝ արդեն նախկին տնօրենը բավականին լուրջ չարաշահումներ է իրականացրել:

ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժների պատմելով՝ նախորդ տարվա սեպտեմբերին դպրոցի տնօրեն նշանակված Արամ Ստեփանյանը, իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Դրանցից մեկն էլ այն է, որ աշխատանքի է ընդունել իր ազգականներին: Ի դեպ, նրա կինը դպրոցում աշխատում է որպես քարտուղարուհի :

Բացի այս՝ մանկավարժները պատմում են, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում դպրոցի ղեկավարը մանկավարժական խորհրդի նիստ չի հրավիրել, ուսումնական պլան չի կազմել, աշխատավայրում գրեթե չի եղել, իսկ եղած ժամանակ էլ աշակերտների, ուսուցիչների հետ անհարգալից է խոսել: Նաեւ առանց հիմնավորման աշխատանքից հեռացնում է դպրոցի մի քանի մանկավարժի, այդ թվում նաեւ՝ գրադարանավարուհուն :

Այսպիսով, դպրոցի 38 ուսուցիչներից 30-ը հրաժարվել է աշխատել Ստեփանյանի հետ, ինչի կապակցությամբ էլ նրանք նամակով դիմել են ԿԳ նախարարություն եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Դպրոցի մանկավարժների շարունակական բողոքներից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը ուսումնասիրություններ է անցկացրել, որոնց արդյունքում դպրոցում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ: Ստուգումների ընթացքում հաստատվել է նաեւ դպրոցի կոլեկտիվի դիմումի մեջ նշված բողոքների մեծ մասը: Հայտնաբերվել են չբարձրաձայնված այլ խախտումներ եւս:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դպրոցի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանից դժգոհ մանկավարժ Նունե Մարտիրոսյանը պատմեց, որ նա մարդկանց վիրավորում էր եւ չէր ցանկանում դպրոցի կոլեկտիվի հետ աշխատել: «Մենք դեռ ֆինանսական աուդիտ չենք պահանջել, մեր դպրոցն այսօր բյուջե չունի: Իր կառավարման հետեւանքով հնարավոր է նաեւ, որ սեպտեմբերին աշխատավարձ չկարողանանք ստանալ: Այս հարցով մենք պահանջում ենք, որպեսզի ստուգումներ անցկացվեն: Միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների հիման վրա բողոքը եղավ: Այստեղ նույնպես որոշ չարաշահումներ բացահայտվեցին. պարզվեց նաեւ, որ իր լիցենզիան կեղծ է»,- հայտարարեց Ն. Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը բացատրեց, որ դպրոցի տնօրենը լիցենզիա ստանալու համար պետք է նախ՝ մասնակցի դասընթացների, հետո՝ քննություն հանձնի, բայց այդ փաստաթղթերը ներկայացնելու համար նա նաեւ պետք է ունենա առնվազն յոթ տարվա մանկավարժական ստաժ: «Ինքը ներկայացրել էր, որ ունի յոթ տարվա մանկավարժական ստաժ: Բայց երբ ԿԳՆ-ից եկան ստուգումների, պարզվեց, որ նա հարեւան գյուղի՝ Ոսկետափի դպրոցում այդքափ չի աշխատել: Ի դեպ, հիմա այդ դպրոցի հարցով քրեական գործ է հարուցվելու, որովհետեւ կեղծ տվյալ են տվել: Նաեւ՝ Ստեփանյանը բանակում չի ծառայել, բայց միեւնույն ժամանակ ստացել է սպայական կոչում ու այդ գյուղի դպրոցում աշխատել է զինղեկ: Այդ ինչպե՞ս: Նա նաեւ դանակահարության համար դատապարտվել է, հետո ազատ արձակվել»,- ներկայացրեց տիկին Մարտիրոսյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեզ հետ խոսել: Թեեւ Ստեփանյանն արդեն ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից, սակայն նրանով սկսել է զբաղվել արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս