«Լոռի բերդ»-ը վտանգված է, իսկ մշակույթի նախարարությունը հույս չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող երկու հուշարձան` բաղնիքի շենքը եւ եկեղեցին, խիստ վտանգված են: Այս մասին օրերս ահազանգել է արգելոցի մասնաճյուղի վարիչը` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների եւ արգելոց թանգարանների այս տարվա վեց ամիսների հաշվետվությունները ներկայացնելիս:

«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից հետաքրքրվեց` ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը` հւշարձանները պահպանելու եւ վերականգնելու ուղղությամբ: Նրա խոսքով` արդեն շուրջ 4 տարի է` արգելոցի տարածքում պետական բյուջեի հաշվին տարվում են նախագծային եւ վերականգնողական աշխատանքներ, իսկ թե դեռ որքան դրանք կշարունակվեն, գործակալության պետը չկարողացավ հստակ ասել. «Ամբողջ հանրապետության տարածքում մենք ունենք առավել վտանգված հուշարձաններ, խնդիրը պետք է դիտել ընդհանուրի կոնտեքստում: Մենք ունենք, ասենք, այդ հուշարձանների նման կամ դրանցից առավել վտանգված 700 հուշարձան, սակայն մեկ տարվա կտրվածքով կարողանում ենք վերականգնողական աշխատանքներ տանել առավելագույնը 20 հուշարձանի դեպքում»,-մեկնաբանեց նա:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ շուրջ 4 տարվա ընթացքում պատմամշակութային արգելոցի տարածքում տարվող վերականգնողական աշխատանքներն այդպես էլ ավարտին չեն հասցվել, Ա. Աբրոյանը պատասխանեց. «Ֆինանսները չեն բավարարել: Հույս չկա, որ կկարողանանք այդ խնդիրը հրատապ կերպով լուծել, քանի որ այս տարի հրատապ կերպով վերականգնելու ենթակա հուշարձաններն արդեն իսկ շատ են»:

Անդրադառնալով արգելոցի տարածքում բաղնիքի շենքի եւ եկեղեցու վտանգված լինելուն՝ Ա. Աբրոյանը նկատեց, որ առաջնահերթ խնդիր է ցանկապատի մուտքի տեղադրումը, որպեսզի տեղանքը հնարավոր լինի օգտագործել որպես արգելոց: Նրա խոսքով` այն դեռեւս բաց է մուտք ու ելք անող մարդկանց ու կենդանիների համար: «Ամեն դեպքում պետությունը թեկուզ նվազագույն չափով գումարներ է տրամադրում վերականգնողական աշխատանքների համար»,-եզրափակեց նա` հավելելով, որ ցանկալի կլիներ խնդիրը լուծել նաեւ բարերարների աջակցության միջոցով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս