
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Խարբերդ գյուղում: Ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում գազազած շունը հարձակվել է ընտանիքի անդամների վրա, իսկ նրանք չեն կարողանում շանը զսպել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ մեկնած փրկարարները հարևանների և 1-03 շտապօգնության աշխատակիցների հետ Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխել Սիլվա և Լիաննա Սիրեկանյաններին: Նշենք, որ Ս. Սիրեկանյանը Լիաննայի մայրն է:
Պարզվել է, որ նրանց վրա շուն է հարձակվել: Այս պահին Սիլվա Սիրեկանյանը և Լիաննան գտնվում են Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ բուժօգնությունից բացի, նրանց ներարկվելու է նաև կատաղության դեմ դեղամիջոց: Էրեբունի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ գյուղացիները սատկացրել են կատաղած շանը: