ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության օրակարգում բժշկական օգնության որակի, դրա ապահովման գործիքների և իրավական հիմքերի ապահվման հարցերն էին։ Մասնագիտական միավորումների, հասարակական կազմակերպությունների, բժշկական հիմնարկների ղեկավարներին և ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետներին նախարարը ներկայացրեց, որ որակյալ բժշկական օգնության ապահովումն առողջապահական համակարգի հանդեպ վստահությունը մեծացնելու ամենագործուն միջոցներից մեկն է։
«Ամբողջությամբ պետք է վերանայենք որակի վերահսկման սկզբունքները»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ ապակենտրոնացված համակարգի պայմաններում նախարարության ունեցած լծակներն այսօր արդյունավետ վերահսկողության հնարավորություն չեն տալիս։ Ուստի անհրաժեշտ է գնալ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով։ Նա ներկայացրեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ մի քանի փոփոխություններ իրականացվել են։ Մասնավորապես նշեց, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում իրականացվող փոփոխություններով առաջիկայում Հայաստանում կներդրվի եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Բժիշկների աշխատանքի թույլտվությունը և նրանց մասնագիտական հետագա զարգացումը կհավաստագրվեն ստեղծվելիք Հավաստագրման կենտրոնի կողմից։ Բժիշկները պետք է կարողանան 5 տարում 220 կրեդիտ հավաքել։ Կենտրոնը հավաստագրելու է ոչ միայն Հայաստանի բժիշկներին, այլև արտերկրներից ժամանող։
Առողջապահության ազգային ինստիտուտում նախարարի հանձնարարությամբ մշակվում են բժշկական ծառայությունների որակի վերահսկման մեխանիզմները, որոնք ներկայացրեց տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Նա որպես բժշկական օգնության որակի ապահովման հիմնական գործիքներ նշեց կլինիկական ուղեցույցները, հիվանդի վարման գործելակարգերը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչները և գործունեության ընթացակարգերը։ Բանախոսը մանրամասն անդրադարձավ բոլոր գործիքներին։ Նշեց, որ եթե կլինիկական ուղեցույցները խորհրդատվական բնույթ են կրում, ապա գործելակարգերը ենթակա են պարտադիր կատարման։
Սկսված գործընթացը ներկաների հավանությանն արժանացավ։ Շատերն առաջարկեցին մասնագիտական իրենց աջակցությունը։ Քննարկման ընթացքում նշվեց, որ տարբեր ծառայությունների ուղղությամբ մշակվել և գործում են միջազգային չափորոշիչներին համապատասխան ուղեցույցներ։ Սակայն որպեսզի այս հասկացություններն իրավական ուժ ունենան, նախարարության նախաձեռնությամբ փոփոխություններ կկատարվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում։
Արմեն Մուրադյանը ներկաներին առաջարկեց մասնակից լինել ներկայացված չափորոշիչների ու գործելակարգերի հետագա մշակմանը, քանզի բժշկական օգնության որակի ապահովումը բոլորի խնդիրն է։
Նախարարն Առողջապահության ազգային ինստիտուտին հանձնարարեց առաջնահերթ մշակել ընդունարանի, վերակենդանացման և մի շարք այլ ծառայություների գործելակարգերը։