Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախել են “Mercedes E 240” մակնիշի 13 ԼՏ 173 համարանիշի և “Լադա 112” մակնիշի Լ 1502 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով “Լադան” գլխիվայր շրջվել է: Մինչ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը, տուժողներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել տուժածներին, որից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի խմբեր, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով “Mercedes” ավտոմեքենայից դուրս են բերել ևս մեկ հոգու, որոնց ծայրահեղ ծանր վիճակում դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները տեխնիկայի միջոցով շրջված “Լադա” ավտոմեքենան ուղղել են և մեջից դուրս են բերել մահացածի դին:
Պարզվել է, որ “Mercedes E 240” մակնիշի ավտոմեքենան վարել է Գրիբոյեդով փողոցի բնակիչ 23 ամյա Տիգրան Վարդանյանը, իսկ “Լադա 112” ավտոմեքենան վարել է Արգավանդ գյուղի բնակիչ 48 ամյա Գեղամ Աբրահամյանը:
Վթարի հետևանքով Գ. Աբրահամյանը տեղում մահացել էր, իսկ “Mercedes E 240”-ի վարորդ Տ. Վարդանյանն ու նրա ուղևորներ՝ Թբիլիսյան խճուղի 2-րդ շենքի բնակիչ, Հայ-ռուս սլավոնական համալասրանի 2-րդ կուրսի ուսանող, 21 ամյա Հովհաննես Ալեքյանն ու Սարկավագի փողոցի բնակիչ 24 ամյա Սերգո Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքաելյանի անվան հիվանդանոց:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի