ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Ալավերդի քաղաքի բնակիչ Լեւոն Արթուրի Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 00:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը:
Նույն օրը` ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը եւ հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ: Հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: