2012 թ. դեկտեմբերի 14-ին կազմակերպություն դիմած զորակոչիկ Գ. Վերանյանի ծնողի կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացված խնդրի կապակցությամբ կազմակերպությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռեւս գրության ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, իսկ զորակոչիկն արդեն մի քանի օր է, ինչ կանչվում է Վանաձորի զինկոմիսարիատ ծառայության զորակոչվելու նպատակով: Սակայն, ծնողը միանշանակ համաձայն չէ որդու առողջական վիճակի հետազոտության արդյունքների հետ, քանի որ, ըստ նրա, դրանք չեն համապատասխանում նրա առկա վիճակին:
Խնդիրը կայանում է նրանում, որ Գ. Վերանյանը դեռեւս մանկուց ունի առողջական լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ ամեն օր առավոտյան արթնանալիս նրա մոտ առաջանում է ինքնազգացողության վատթարացում, սրտի զարկերի դանդաղում, որը սրվում է հատկապես ձմռան ամիսներին, գիշերային ժամերին, ըստ Հոլթեր հետազոտության, գրանցվում է րոպեում 32-36 զարկ: Երբեմն շատ ակնթարթային նրա մոտ սկսվում է հաճախասրտություն: Գրանցվում են ուշագնացության դեպքեր: Բացի այդ, ըստ ծնողի խոսքերի, նրան հակացուցված են համապատասխան դեղամիջոցներ ընդունել, իսկ ձմռան ամիսներին նրա մոտ նկատվում են առողջական խնդրի սրացումներ:
Գ. Վերանյանը հետազոտությունների արդյունքների հիման վրա նախկինում ստացել է տարկետում, սակայն այժմ նրան զորակոչում են ծառայության այն դեպքում, երբ նրա մոտ առողջական վիճակի որեւէ փոփոխություն չի կատարվել. տարկետման 6 ամիսների ընթացքում նա չի ենթարկվել բուժման:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս արձանագրում է, որ զորակոչիկները կամ նրանց հարազատները զրկված են բողոքարկելու հնարավորությունից` չնայած կազմակերպության բազմաթիվ ահազանգերին, այն մասին, որ առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողները ծառայության մեծ մասն անց են կացնում կամ բուժկետերում կամ հոսպիտալներում: Ավելին, այդ ընթացքում նրանք չեն ստանում արդյունավետ բուժում, որը հանգեցնում է ավելի բացասական հետեւանքների:
Այսպիսով, պահանջում ենք պաշտպանական գերատեսչությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Գ. Վերանյանի եւ նման խնդիրներով այլ զորակոչիկների առողջական վիճակի համալիր եւ օբյեկտիվ վերափորձաքննություն իրականացնելու հարցում մինչ նրանց զինված ուժեր զորակոչելը, հակառակ դեպքում նրանց առողջական վիճակի վատթարացման եւ դրա հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ