Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդուն` Լևոն Նալբանդյանին, Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են Օրթոպեդիայի, վնասվածքաբանության և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Լևոն Նալբանդյանին բուժող բժիշկ Արթուր Սահրադյանը, հիվանդի վիճակը կայուն է, գնահատվում է միջին ծանրության: Նա գիտակցության է եկել:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին «Ալավերդի» ԲԿ է տեղափոխվել 22-ամյա Լևոն Նալբանդյանը` զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով: Նույն օրը` ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը և հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ: Հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու և կրելու դեպքերի առթիվ: