Հուլիսի 19-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում պատարագ է մատուցվել:
Պատարագին ներկա են եղել Սրբալույս մյուռոնի օրհնության ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 100-ամյակի միջոցառումներին հրավիրված եկեղեցիների հոգևոր պետեր և եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչներ, Լիբանան ժամանած ուխտավորներ ու մեծ թվով հավատացյալներ:
Օրվա պատգամը փոխանցել են ղպտի եկեղեցու հոգևոր պետ Ն.Ս. Թավատրոս Բ պատրիարքը, ինչպես նաև Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ Կարդինալ Քուրդ Քոխը, ով ներկայացրել է այս առիթով Պապի հղած հատուկ պատգամը:
Նրանք ողջունել ու շնորհավորել են Արամ Ա Վեհափառին՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար: Նրանք իրենց հոգևոր ցնծությունն են արտահայտել են եկեղեցու հռչակած Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման համար:
Պատարագի ավարտին նոր օրհնված սրբալույս մյուռոնով կատարվել է ջրօրհնեքի արարողություն: Ապա բոլոր ներկա հոգևոր պետերի և եկեղեցական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջկրոնական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերին:
Եկեղեցական արարողության ավարտին բոլոր եկեղեցականները ուղղվել են դեպի Անթիլիասի Սուրբ նահատակների մատուռը և ծաղիկների դրել նահատակ սրբերի մասունքների առջև: