“Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի “Ճամբարակ” ստորաբաժանման նախկին ղեկավարի մասով նախաքննությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ժ. Ստեփանյանը 1999թ սեպտեմբերից մինչեւ 2011թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի “Ճամբարակ” ստորաբաժանումը, որի ընթացքում “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքների գրանցման գործընթացում խախտել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները:
Մասնավորապես` 2009-2011թթ. ընթացքում պաշտոնեական փաստաթղթերում` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում, ակնհայտ կեղծ տեղեկություններ, այլ ամսաթվով գրառումներ կատարելու, ինչպես նաեւ ստորադաս աշխատակիցներին ապօրինի եւ ծառայության շահերին հակառակ ցուցումներ տալով եւ այլ անօրինական եղանակներով մի շարք ֆիզիկական անձանց անվամբ ապօրինի գրանցել է “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ժ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: