Օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում քննարկվում են “X-Factor” նախագծի երկու մասնակիցների ելույթները եւ ժյուրիի կողմից ծաղրի ենթարկվելու երեւույթը: Իրանից եկած 17-ամյա Շաքե Մովսեսյանը վիրավորվել էր Ավետ Բարսեղյանի այն գնահատականից, թե աղջկա երգեցողությունն իրեն ձանձրացրեց: Շաքեն նույնիսկ որոշեց լքել բեմը, սակայն նրան հետ կանչեցին ու շարունակեցին հայտնել վճիռները: Ի վերջո, աղջիկը ներողություն խնդրեց ժյուրիի անդամ Ավետից, թվում էր` ամեն բան ավարտվեց, բայց….
Երբ Youtube-ում հայտնվեց Շաքեի ելույթի տեսանյութը, նա հանդես եկավ մեկնաբանությամբ: “Բայց ես իսկապես չէի սպասում “Շանթ”-ից, որ իրականությունը քաթ կանեն, ամոթ քեզ, “Շա՛նթ” հեռուստաընկերություն, դու մարդկություն չունես՝ նույնիսկ իրականությունը ցույց տալու: Եւ ասեմ, սիրելի՛ ժողովուրդ, իրանք Ավետի մնացած անշնորհք զրույցը քաթ են արել, որ ցույց տան, թե ես եմ միանգամից անշնորհք վարվել, եթե լա՛վ նայեք, կնկատեք”,-Youtube-ի տեսանյութի մեկնաբանությունների հատվածում գրել էր Շաքեն:
Շաքեի հետ զրուցելու մեր բոլոր փորձերն ապարդյուն էին, նա չցանկացավ այլ մեկնաբանություններ տալ:
“Ժողովուրդ”-ը հետաքրքրվեց նաեւ ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ դիրքորոշմամբ:
-Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ոչ մի օգտատեր դրական արձագանք չի տվել Ձեր խոսքին: Ի՞նչ կասեք՝ ի պաշտպանություն Ձեզ:
-Իմ համար սոցիալական ցանցերն այն տարածքը չեն, որտեղ ես պետք է պաշտպանվեմ: Նախ` ես չկամ սոցիալական ցանցերում, իսկ այդ քոմենթներից ու մի քանի հոգու արտահայտություններից, ճիշտն ասած, տեղյակ էլ չեմ: Այս պահին էլ Ծաղկաձորում նկարահանումների եմ, գործ եմ անում, ժամանակ չունեմ հետեւելու, թե ինչ է կատարվում սոցցանցերում:
-Ամեն դեպքում, երեւույթը կա, Դուք նեղացրել եք 17-ամյա աղջկան:
-Նեղացրե՞լ եմ, գուցե իրենի՞ց ինտերվյու վերցնեք: Էդ էրեխեն ներողություն է խնդրել ինձանից, ես իր հետ խոսել եմ նաեւ եթերից հետո:
-Ի՞նչ եք կարծում, արժե՞ր ասել, որ ձանձրացաք իր երգելուց:
-Իսկ ի՞նչ է եղել եթերում, ծեծե՞լ եմ էդ էրեխուն: Երեխա է, նեղացել է ձանձրալի բառից, է հետո՞: Ձանձրանալ բառը վիրավորա՞նք է, հայհոյա՞նք, ինչպե՞ս է ընկալվում ֆեյսբուքյան հասարակության կողմից:
-Ոչ միայն ֆեյսբուքյան: Շատերին զայրացրել է Ձեր քմծիծաղն ու այն, որ Դուք կարծես ձեռք եք առնում մասնակիցներին:
-Ես իրավունք ունեմ՝ որպես ժյուրիի անդամ, դադարեցնել ու ասել կարծիքս, դա տարիներ շարունակ այդպես է եղել: Բացարձակ վիրավորելու ոչ մի միտում չի եղել: Ես մշակութային տարր եմ, որը չի կարող 2 միլիոն քանի հարյուր հազարին հաճո բաներ անել: Ես աշխատում եմ իմ գործունեության տարբեր ոլորտներում: “X-Factor”-ում էլ ժյուրի եմ:
-Դուք իսկապե՞ս չեք տեսել, թե ինչ մեկնաբանություններ են անում սոցիալական ցանցերում:
-Ես ի սկզբանե ասացի՝ ինձ հետաքրքիր չեն այդ քոմենթները, ինձ հետաքրքիր չեն սոցիալական ցանցերը, ինձ հետաքրքիր չեն անադեկվատ մեկնաբանությունները` թե՛ սոցիալական կայքերում, թե՛ բարձրաձայն հնչեցված: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բարեբախտաբար, իմ կյանքում ստացվել է այնպես, որ ես վաստակել եմ իրավունքը՝ լինելու հայրենական հեռուստաշուկայի նախագծերից մեկի ժյուրիի կազմում: Ժյուրիում նստած՝ ես իմ իրավունքների շրջանակում աշխատում եմ: Այդ աշխատանքը կարող է 5 հոգու դուր գալ, 15-ին դուր չգալ: Ի՞նչ ասեմ, որպես այդպիսին` ես դա երեւույթ չեմ համարում, որ դրան որեւիցե կերպ անդրադառնամ կամ ընկղմվեմ սոցիալական ցանցերում տիրող բաների մեջ: Ես այնքան անտեղյակ եմ այդ ամենից:
-Փաստորեն, մինչեւ իմ զանգը չգիտեի՞ք, որ Ձեր պահվածքից ու խոսելուց շատ մարդիկ վիրավորվել են:
-Ձեզ ի՞նչ է պետք, սկանդալային ինտերվյու, ես դա չեմ կարող Ձեզ ապահովել: Աշխատանքս բավական շատ է, հիմա էլ “X-Factor”-ի նկարահանումներին եմ` ոչ ժյուրիի կարգավիճակում, այլ երեխաներին դուխ տալու: Դրանք դերեր են, դերեր, այսօր ժյուրիի դերում, վաղը հաղորդավարի, շոու է… Շոու, որի ընթացքում կարելի է ձեռք բարձրացնել, ստոպ տալ ու ասել` ձանձրալի է: Դա մտնում է ժյուրիի ֆունկցիաների մեջ: Որեւէ մեկին նեղացնելու մասին խոսք անգամ չկա: Ես 32-ամյա երիտասարդ եմ, որը վաղուց չի կայանում “X-Factor”-ի մասնակիցների վրա, դա մեկ, երկրորդը` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված եւ ընդհանրապես` մեր երկրում գոյություն ունեն այնքան մեծ խնդիրներ, որոնց շուրջ կարելի է խոսել: Չգիտեմ անգամ, թե լրատվամիջոցներն ինչու են այս ամենին այդքան անդրադառնում: Եթե նրանք իրենց ողջ էներգիան ծախսեին շատ ավելի կարեւոր հարցերի վրա, քան “X-Factor”-ի մասնակցի վիրավորանքը, շատ-շատ հարցեր կլուծվեին:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ