ՀԱՐՑՈՒՄՆԵՐՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ելնելով այն իրողությունից,  որ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական ծառայություններն այլեւս որեւէ հավատ չէին ներշնչում, իշխանությունները  որոշեցին խաղարկել համեմատաբար ավելի թարմ եւ հեղինակավոր  արեւմտյան սոցիոլոգիական բրենդի` «Գելափ»-ի անունը: Այդ նպատակով դեռեւս նախորդ նախագահական ընտրություններից առաջ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը սոցիոլոգիական հարցումներ պատվիրեց «Գելափ»-ին, որոնց արդյունքներն ընդունվեցին «հալած յուղի տեղ»: Սակայն ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ այդ ծրագիրն իրականացվում է  Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ,  շատերի մոտ  հարցեր առաջացան` կապված այդ ուսումնասիրությունների արդյունքների արժանահավատության հետ: Եվ հիմա` արդեն անգամ «Գելափ» բրենդն առանձնապես չի օգնում, քանի որ ինչպես կատակով ասում են փորձագիտական շրջանակներում` սա «չինական «Գելափ» է»: Երեկ հրապարակվեցին  այդ «խառնածին գելափի» վերջին հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի բնակչության 49 տոկոսն իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, 21 տոկոսը` Գագիկ Ծառուկյանին, 6 տոկոսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ 5-ական տոկոսներ` Ռոբերտ Քոչարյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուշագրավ է, որ այդ հետազոտությունն իրականացվել է դեկտեմբերի 5-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, մինչդեռ  դեկտեմբերի 12-ին արդեն Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու: Այնուամենայնիվ, հարցման  հեղինակները հաշվի են առել նաեւ Ծառուկյանի չառաջադրվելու հավանականությունը եւ   պարզել, որ այդ դեպքում նրա պոտենցիալ ընտրողների ձայների 36 տոկոսը կգնա Ս. Սարգսյանին, 13 տոկոսը` Ռ. Քոչարյանին, 9 տոկոսը` Ր. Հովհաննիսյանին եւ միայն 4 տոկոսը` Լ. Տեր-Պետրոսյանին: Սա, իհարկե, բավականին ուշագրավ արդյունք է`  Օսկանյանի բնորոշմամբ`  ԲՀԿ-ՀԱԿ «սիլի-բիլիի» պարագայում: Այս հարցման մեջ Ծառուկյանի հետ կապված եւս մեկ ուշագրավ պահ կա. այն է` հասարակության  վերաբերմունքը  Ծառուկյանի նկատմամբ 72 տոկոսով դրական է, այն դեպքում, երբ Ս. Սարգսյանի հանդեպ դրական է հարցվողների ընդամենը 61 տոկոսի վերաբերմունքը: Հետաքրքիր է, արդյոք  նման  ցուցանիշի  վրա ազդեցություն չի ունեցել Ծառուկյանի` դեկտեմբերի 12-ին հրապարակած չառաջադրվելու որոշումը: Ինչ վերաբերում է  հասարակության դրական վերաբերմունքի մասով Լ. Տեր-Պետրոսյանի ցուցանիշին, ապա այն կազմում է ընդամենը 17 տոկոս, նույնքան` որքան Հրանտ Բագրատյանի մոտ: Սակայն այստեղ էլ բավականին  հարցահարույց է Արթուր Բաղդասարյանի ցուցանիշը,  որն ավելի բարձր է` 23 տոկոս,  քան Տեր-Պետրոսյանինը: Ասել է թե` ըստ «Գելափ»-ի, ժողովուրդն Ա. Բաղդասարյանին ավելի շատ է սիրում, քան Լ. Տեր-Պետրոսյանին: Ամփոփելով «խառնածին գելափի» հարցումները` հիշեցնենք, որ ընդամենը մեկուկես ամիս առաջ նրանց  հրապարակված մեկ այլ  հարցման տվյալներով՝ Ս. Սարգսյանին պատրաստ էր իր ձայնը տալ բնակչության ընդամենը 28 տոկոսը:




Լրահոս