Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը զբաղվում է նաեւ ֆիրմային մեքենաների ներկրմամբ եւ վաճառքով: Այս պահին նրա կողմից վաճառվում են «Տոյոտա լենդ կրուիզեր» մակնիշի 2 ավտոմեքենաներ (նկարում): Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Կ. Բաբակեխյանին, որը շատ սիրալիր պատասխանեց. «Սիրելի՛ս, Ձեզ չի՞ թվում, որ Դուք տարօրինակ հարցեր եք տալիս: Ի՞նչ մեքենաներ: Որտե՞ղ է գրված, որ ես դրանք ներկրում եմ եւ վաճառում»:
Հավելենք, որ Գյումրիում տեսակետ կա, թե Գյումրու նախկին քաղաքապետի դստեր սպանված փեսացուի գործով մեղադրվող Հարություն Սարգսյանը Բաբակեխյանի բիզնես մրցակիցն էր: Նա եւս մեքենաների առքուվաճառքով էր զբաղվում: Հիշեցնենք, որ կալանավորված Հարությունի նկատմամբ սկզբում հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք-զինամթերք կրելը) մասերի հատկանիշներով, իսկ հիմա 235-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինվել է 188-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն): Հետաքրքիր է՝ ինչ կապ ունի ապօրինի ձեռնարկատիրությունը սպանության հետ:
ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ ՉԿԱ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ