ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՎԵՐՋՆԱԽԱՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական դաշտում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Չի բացառվում, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը մնա միայնակ, ավելի ճիշտ՝ առանց որեւէ լուրջ մրցակցի՝ «ապահովելով» նրան պյուռոսյան հաղթանակ:
Սա Հայաստանի պատմության մեջ կարող է համարվել աննախադեպ երեւույթ, քանի որ 1996թ. սկսած՝ նախագահական ընտրություններն անցել են առավել քան թեժ մթնոլորտում, թեկնածուների միջեւ ընթացել է լարված պայքար: Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ առ այսօր իշխանական կուսակցություններից միայն ՕԵԿ-ն է 5 տարի շարունակ հայտարարում Ս. Սարգսյանին սատարելու մասին: Ու վաղն էլ նրանք Ս. Սարգսյանին սատարելու թեմայով հատուկ համագումար են հրավիրելու: Հասկանալի է՝ սա այն գինն է, որը վճարում է Արթուր Բաղդասարյանը՝ ԱԽՔ-ի պաշտոնի դիմաց: Իսկ իշխանական մյուս կուսակցությունները կարծես թե մտադրություն չունեն հայտարարելու Ս. Սարգսյանին սատարելու մասին: Համենայնդեպս, իշխանության շուրջ պտտվող մյուս կուսակցությունները, այդ թվում նրանք, ովքեր ԱԺ պատգամավորի մանդատի դիմաց ծվարել են ՀՀԿ համամասնական ցուցակում, չեն շտապում նախագահական ընտրությունների հետ կապված դիրքորոշում հայտնել: Չի բացառվում, որ իշխանության ներսում եկել է գնացքից թռչելու ժամանակը, ու առնետներն աննկատ փորձում են լքել խորտակվող նավը: Իսկ որ իշխանական նավը վաղ թե ուշ խորտակվելու է, դրանում չի կասկածում ոչ ոք. դա են հուշում նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, որոնք գնալով ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում: Միայն թե, ԱԺ-ում ունենալով բացարձակ մեծամասնություն՝ իշխանությունները, մասնավորապես ՀՀԿ-ն, կարծես թե դեռ չի զգում, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն:
Սերժ Սարգսյանն էլ այնքան է ոգեւորվել անգամ պյուռոսյան հաղթանակի գնով նախագահի պաշտոնին կրկին հայտնվելու մտքից, որ գործի է դրել բոլոր մեթոդները՝ այդ նպատակին հասնելու համար: Առավել եւս, որ Ս. Սարգսյանին հաջողվեց նախագահական ընտրություններից առաջ խաղից դուրս թողնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ստիպելով նրան հրաժարվել առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտքից:

«Կազմաքանդման» մեխանիկան

Այսքանից հետո իշխանությունները զբաղված են Հայ ազգային կոնգրեսին չեզոքացնելով՝ այդպես լուծելով մնացած թիվ մեկ գլխացավանքը: Բանն այն է, որ  ԲՀԿ-ին խաղից դուրս թողնելով՝ իշխանությունները քաղաքական դաշտում իրենց համար ավելի վտանգավոր վիճակ ստեղծեցին. դաշտը բաժանված է սեւի ու սպիտակի, ի տարբերություն նախորդ բոլոր նախագահական ընտրությունների՝ չկան նաեւ կեղծ ընդդիմադիրները, որոնք կոչված էին ընդդիմությունից պարզապես ձայներ փախցնելու: Այդ տեսանկյունից հիմա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը առավել քան շահեկան վիճակում է: Ուստի, իշխանությունները հիմա գործի են դրել բոլոր հնարավոր մեթոդները ՀԱԿ-ը կազմաքանդելու եւ այդպես վերջին ընդդիմությանը խաղից դուրս հանելու համար: Պատահական չէ, որ այս օրերին հերթով իշխանության թիրախում են հայտնվում ՀԱԿ գործիչները: Մի քանի օր շարունակ ռեժիմը զբաղված էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի դեմ արշավով: Ամենավառ օրինակը Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսված առանձնազրույցի ձայնագրության հրապարակումն էր, որը, սակայն, տվեց հակառակ էֆեկտը: Հետո օրակարգում հայտնվեց Մատաղիսի գործը, եւ այդ շրջանակներում հերթական արշավը սկսվեց նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դեմ:
Մյուս կողմից իշխանական քարոզչամեքենան աննախադեպ հետաքրքրություն է սկսել դրսեւորել դե յուրե ՀԱԿ-ի մաս կազմող մարդ-կուսակցությունների ղեկավարների նկատմամբ, որոնք քննադատում են ՀԱԿ-ին ու Լեւոն Զուրաբյանին: Պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան լայնորեն տարածում է «Մարդու իրավունքներ 96» կուսակցության ղեկավար Ռուբիկ Թորոսյանի կամ «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի՝ ՀԱԿ-ի հասցեին արած քննադատությունները՝ այդ ամենը ներկայացնելով որպես ՀԱԿ-ի կազմաքանդման մեկնարկ:
Հ.Գ. Վերջին տարիներին Հայաստանում ընթացող իշխանություն-ընդդիմություն պայքարը նմանեցվեց շախմատային խաղի: Իսկ շախմատում նաեւ պատահում են դեպքեր, երբ կողմերից մեկը, սկզբնախաղից սկսած, փորձում է բոլոր կողմերով անընդմեջ գրոհել, առաջ նետվել, բայց հակառակորդի զուսպ եւ հաշվարկված դիմադրության, սառնասիրտ տակտիկայի արդյունքում հանկարծ պարտված դիրք է ստանում՝ մատի սպառնալիքով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս