ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
«Նախախորհրդարան» շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանն օրերս Գյումրիում հայտարարել է. «Անձամբ ես բոյկոտելու եմ ընտրությունները, ես չեմ մասնակցելու  եւ  վստահ եմ, որ «Նախախորհրդարան»-ի մեծ մասն այդպես է անելու, սակայն մենք հասկանում ենք, որ էստեղ ամենակարեւոր խնդիրն ընտրություններից հետո է, անգամ  մարդիկ, որոնք դեռ դրանից հետո կարող են միամիտ ձեւով հավատալ այս  ընտրություններին, իրենք պիտի պատկերացնեն, իսկ ի՞նչ կլինի, եթե դրանից հետո հերթական հուսահատությունը տիրի: Ամենամեծ թշնամին էսօր ոչ թե վերնախավն է, այլ հուսահատությունը, էդ վերնախավի դեմ դիմադրելու հուսահատությունը, իսկ մեր նախաձեռնության հիմնական նպատակն էդ դիմադրությունը կազմակերպելն է»:

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Բոլորը դիմում են «Ազատություն» կուսակցության գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարց։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որեւիցե մեկին կաշկանդած չլինելու համար»:

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ
«Այն, որ ՀՀՇ համագումարից մի քանի օր առաջ է այս հայտարարությունն արվել, ինձ համար դժվար է բացատրել, անհասկանալի է, մի քիչ անսպասելի»,-«Առավոտ»-ին ասել է Սոս  Գիմիշյանը: Նա նշել է, որ Բագրատյանի առաջադրվելու մասին հայտարարությունը չի պայմանավորում ո՛չ Զուրաբյան-Օսկանյան զրույցով, ո՛չ ՀԱԿ-ի ներսում սկսված տարաձայնություններով, ո՛չ էլ ինչ-որ մեկին ուղղված հատուկ ուղերձով, եւ չի բացառում, որ այն պայմանավորված է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու հնարավոր որոշման հետ:

ՏՈՆԱԾԱՌԸ ՎԱՌՎԵՑ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով: Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերը: Նշենք, սակայն, որ մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներում լույսերը չէին աշխատում:

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀԿ գործադիր մարմնի դեկտեմբերի 20-ի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ՀՀԿ 14-րդ համագումարի պատվիրակներին բաժանված նախընտրական ծրագրի առաջարկությունները: «Մենք քննարկել ենք այդ նախընտրական ծրագրի նախագիծը, տարբեր առաջարկություններ լսել: Սակայն նախընտրական ծրագիրը վերջնական տեսքի չի եկել, քանի որ դեռ ժամանակ ունենք»,-ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

70-ԱՄՅԱԿ
Այսօր լրանում է խորհրդային տարիների քաղբանտարկյալ, ՍԴ նախկին անդամ, երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանի ծննդյան 70-ամյակը: Նրա հոբելյանի առթիվ այսօր ՍԴ-ում նախատեսված են միջոցառումներ, մասնավորապես՝ Պապայանին նվիրված ֆիլմի շնորհանդես:




Լրահոս