«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ կեսօրին, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) ՀՀԿ մարզային իշխանիկներին իր մոտ է հրավիրել: «Հավաքույթին» ներկա են եղել Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը: Հրավիրվել են նաեւ մարզային հեղինակությունները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը եւ ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Սակայն վերջիններս չեն գնացել «նիստին»: Բարսեղյանը ներկաներին ասել է, որ իրենք պետք է բոլորով համախմբվեն եւ աշխատեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ձայներ բերելու համար: Քննարկել են, թե ով ինչպես պետք է աշխատի քարոզարշավի ժամանակ:
Այս տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Մուրադյանից ու Ստեփանյանից՝ պարզելու, թե ինչու չեն մասնակցել «ժողովին»: Ստեփանյանն ասաց, թե իրեն որեւէ մեկն այդ «հավաքին» չի հրավիրել, իսկ Մուրադյանի հեռախոսն անջատված էր: Էդիկ Բարսեղյանն էլ մեզ փոխանցեց, թե զբաղված է, ուշ զանգահարենք: Սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ