Առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման չի կարող լինել համապարփակ լուծում. Ջ. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում՝ այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հաղորդում է Azatutyun.am-ը:

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Համապարփակ կարգավորումը ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս», – ասաց Ուորլիքը:

«Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, և սա ի նկատի ունենք՝ ասելով համապարփակ կարգավորում: Այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը՝ սա կետերից մեկն է, բանակցությունների տարր է», – հայտարարեց ամերիկացի դիվանագետը:




Լրահոս