Վերջին օրերին սոցցանցերում տարածվել է լուսանկար, որում պատկերված մեքենան ներկայացված է որպես շարժական արագաչափով մեքենա:
Ըստ դրա` 335 ОМ 61 կապույտ Volkswagen մակնիշի մեքենայում առկա է շարժական տեսախցիկ։
Սակայն, Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել էր, որ շարժական արագաչափերը կիրառվելու են միայն Վարդավառի տոնի օրն, այն էլ գերծանրաբեռնված մայրուղիներում:
Armlur.am-ի հետ զրույցում ՃՈ նորանշանակ պետ Արմեն Հակոբյանն ասաց, որ դա ապատեղեկատվություն է. «Այսքան ժամանակ մի անգամ է դա օգտագործվել` Վարդավառի օրը»: Հակոբյանը կտրականապես հերքեց, որ մայրուղիներում կարող են լինել շարժական արագաչափերով մեքենաներ: «Ես պաշտոնապես ձեզ ասում եմ` շարժական արագաչափը օգտագործվել է միայն Վարդավառի օրը: Հիմա կարող են Վարդավառի օրվա լուսանկարը հրապարակել և ասել, որ այսօրվա նկար է կամ երեկվա»,- վստահեցրեց Արմեն Հակոբյանը:
ՃՈ պետը շեշտեց, որ շարժական արագաչափը տեղադրված է ոչ թե Ճանապարհային ոստիկանության տարբերանշաններով մեքենայի մեջ, այլ հասարակ քաղաքացիների ավտոմեքենաներից չտարբերվող մեքենայի մեջ. «Volkswagen մակնիշի մեքենայի մեջ է տեղադրված»: Իսկ առաջիկայում այն օգտագործելու նպատակահարմարության հետ կապված` Ա. Հակոբյանը նշեց. «Չի բացառվում, որ առաջիկայում կկիրառվի: Մենք ուսումնասիրում ենք դրանց կիրառման կանխարգելիչ արդյունավետությունը, որից հետո կորոշենք»:
Նշենք, որ ոստիկանությունը, երբ հայտարարեց, որ շարժական արագաչափերը կիրառվելու են միայն Վարդավառի օրը` հուլիսի 12-ին, դրանից հետո եղան տարատեսակ մեկնաբանություններ այն մասին, որ այդ արագաչափերը գումար շորթելու ևս մեկ միջոց են: Ոստիկանությունը բազմիցս պարզաբանումներ է հրապարակել, որով ևս մեկ անգամ հաստատել է, որ շարժական արագաչափերը կիրառվելու են մեկ օր` հուլիսի 12-ին: