«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը ՓՆՏՐՈՒՄ Է Կ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կլսի Գուրգեն Աղաջանյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Հայցվորը թերթից պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել եւ փոխհատուցել զրպարտության հետեւանքով կրած վնասները:  
Հիշեցնենք, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը վիրավորվել էր այն հրապարակումից, որում «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերումներ էր կատարել խմբագրությանը նշյալ անուն-ազգանունով հասցեագրված նամակից: Այդ նամակում ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի եւ պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանի հասցեին մեղադրանքներ էին ուղղվել: Գ. Աղաջանյանը վիրավորվել էր մասնավորապես հետեւյալ նախադասություններից՝ «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք», «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, «գիտնական», կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ», եւ նշել, որ այդ տվյալները  իրականությանը չեն համապատասխանում:
Ու թեեւ «Ժողովուրդ»-ը նամակում առկա փաստերը պարզելու համար լսել եւ ներկայացրել էր  նաեւ Կարինե Կիրակոսյանի մեկնաբանությունը, սակայն, միեւնույն է, վերջինիս փոխարեն Գ. Աղաջանյանն էր վիրավորվել:
Ի դեպ, դատարանը հոկտեմբերից նախնական դատական նիստեր է հրավիրում, սակայն դրանք անընդհատ ձգձգվում են Կ. Կիրակոսյանի բացակայության պատճառով: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ. մնում է հետախուզում հայտարարել:




Լրահոս