ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկակի խաղեր տալով՝ երկար չեք ձգի, ի վերջո, կողմնորոշվել է պետք՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն. սա էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանի երեկվա մեսիջի բովանդակությունը: Սա կարծես թե արդեն ոչ թե ակնարկ է, այլ հասունացած մարտահրավեր Հայաստանի Հանրապետությանը, կոնկրետ հաղորդագրություն, որ Եվրոպային դուր չի գալիս, երբ իրեն «մատների վրա ֆռռացնում են»: Ժամանակն է գալիս ընտրություն կատարելու:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել քաղաքական գործիչների տեսակետները: «Ժառանգություն» կուսակցությունց Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգության» մոտեցումը հստակ է եւ անփոփոխ. «Հայաստանի կողմնորոշումը եվրոպական ինտեգրումն է, եւ Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքն է: Դեռ կուսակցության ապրիլյան համագումարում մենք անընդունելի ենք համարել ԽՍՀՄ-ի վերականգնմանն ուղղված որեւէ փորձին միանալը, այդ թվում՝ Եվրասիական միությանը»: Սաֆարյանը հավելեց, որ դեսպանի հայտարարությունը նորություն չէ, նախկինում նման մտահոգություններ հնչեցվել են Հայաստանում Գերմանիայի, Լեհաստանի դեսպանների ու Եվրոպայի այլ ներկայացուցիչների կողմից: Եւ սա, ըստ Ստյոպա Սաֆարյանի, «միայն այն պատճառով, որ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են անմեղսունակ կեցվածքով կրկնել Պուտինի այն ասածը, թե Եվրասիական միությունը չի խանգարի Եվրամիություն ինտեգրացիային»: «Ժառանգության» ներկայացուցիչը դա անհեթեթություն է համարում, իսկ Եվրասիական միություն մտնելը՝ Հայաստանի համար անթույլատրելի: Ավելին, Սաֆարյանը չի կարծում, թե իշխող կառավարության ղեկավարներն այդքան համարձակություն կունենան նման որոշում կայացնելու՝ հաշվի առնելով, որ դեռ 2011թ. փետրվարի 9-ին Բրյուսելում ՀՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները հռչակագիր են ստորագրել՝ Հայաստանը Եվրոպա տանելու վերաբերյալ:
Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց իմանալ, քանի որ զբաղվածության պատճառով ՀՀԿ-ական պատգամավորները կա՛մ չկարողացան զրուցել մեզ հետ, կա՛մ էլ հավանաբար խուսափեցին առանց Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստանալու կարծիք հայտնելուց: Իսկ Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանի հերթական գրքի շնորհանդեսին էր, հավանաբար դա երեկվա ամենալուրջ եւ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող բացառիկ իրադարձությունն էր, թե չէ ի՞նչ Եվրամիություն, ի՞նչ Եվրասիական միություն: Երեւի թե Արտաշես Գեղամյանի գրքերն էլ կորոշեն մեր երկրի եւ մեր հետագա ճակատագիրը կամ միգուցե հենց ճամբարափոխության բարձրակարգ մասնագետ Գեղամյանը:
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ անձամբ մասնակցում է Գեղամյանի գրքերի շնորհանդեսներին, ինչը նշանակում է, որ ճամբարափոխների նկատմամբ Սարգսյանն առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի: Իսկ ինչո՞ւ ոչ. նման մարդիկ շատ ավելի ձեռնտու են, հանձնվում են առանց կռվի, իսկ հասարակության աչքում զրոյացնում ընդդիմադիր գործչի կերպարը: Իհարկե, նման հիասթափություններից եւ նման «ընդդիմադիրներ» տեսնելուց հետո հասարակության մի հատվածի համար գերադասելի է դառնում Սերժ Սարգսյանի կերպարը, որը գոնե շախմատային հնարքների է տիրապետում եւ այդ հնարքներով խաղացնում բոլորին:
Հ.Գ. Երկու նապաստակի հետեւից միաժամանակ վազողը ոչ մեկին էլ չի բռնում, դրա համար էլ հայերը միշտ վազել են ու այսօր էլ վազում են՝ իրենք էլ չիմանալով, թե որ ուղղությամբ: Ի՜նչ լավ է, որ գեղամյաններն էլ գրքեր են գրում, շնորհանդեսներ անում, մեկ-մեկ կարելի է գնալ, մի քիչ «դինջանալ»: Իսկ Եվրամիությունն ու Եվրասիական միությունը կարող են էլի սպասել, ձգձգենք՝ որքան հնարավոր է: Առաջ, Հայաստա՛ն:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս