Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ՝ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխարհի վերջն է: Համենայնդեպս, եթե հավատանք Մայայի հնդկացիների կանխատեսումներին, աշխարհի վերջին օրը 2012թ. դեկտեմբերի 21-ն է: «Reuters»-ի հարցումների համաձայն` մարդկության շուրջ 15 տոկոսը հավատում է, որ «աշխարհի վերջն» իր ապրելու ընթացքում է վրա հասնելու, իսկ յուրաքանչյուր 10-երորդը համոզված է, որ ապոկալիպսիսը հենց 2012-ին է լինելու: Իհարկե, նրանց մեծ մասը չի մտածում, որ դեկտեմբերին իրենց սպասվում է հրեղեն անձրեւ կամ անհետացում երկրի երեսից: Ավելին,  մայաների քաղաքակրթության ուսումնասիրությամբ զբաղվող Ջոն Հուփսը նշում է, որ հավատացյալներից շատերի համար աշխարհի վերջը դեկտեմբերի 21-ին «հոգեպես վերամարմնավորվելու պահ է»:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերվում աշխարհի վերջի մասին խոսակցություններին եւ, առհասարակ, ի՞նչ եք անում, պատրաստվո՞ւմ եք աշխարհի վերջին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս ամենին ես վերաբերվում եմ մեծ հումորով, քանի որ բավական երկար ժամանակ փիլիսոփայություն եմ ուսումնասիրել: Կարծում եմ, որ այն ժամանակվա մայաները Հանրապետական կուսակցությունից են եղել եւ ամեն ինչ հաշվել են այնպես, ինչպես իրենց է պետք, բնականաբար, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իրենց այն ժամանակվա համագումարի օրն էլ որոշել են կարգախոսը՝ դեկտեմբերի 21-ն աշխարհի վերջն է ու վերջ: Իսկ եթե իսկապես այդպես լիներ, դժվարանում եմ պատասխանել, թե ինչ կանեի: Շատ մեծ ցավով կլցվեի, եթե համոզված լինեի դրանում: Կաշխատեի, ինչքան հնարավոր է, փրկել բոլոր երեխաներին՝ անկախ նրանց ազգությունից ու սեռից:

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես դեռ չեմ հանդիպել մի նորմալ մարդու, որ վերջին շաբաթների ընթացքում այդ հարցը քննարկեր:

ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախկին
նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Լավ էլի…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆ
շոումեն

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես դա համարում եմ հիմար խոսակցություն եւ ավելորդ եմ համարում նույնիսկ այդ թեմայով քննարկումները… Բացի այդ, ես քրիստոնյա եմ..

ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երեւանի նախկին փոխոստիկանապետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ թվում է՝ հերթական հիմար լուրերից է… Իսկ ի՞նչ պետք է անեմ: Չգիտեմ: Մարդիկ իրար խառնվելու փոխարեն ավելի լավ է աղոթեն:

ԱՐՄԻՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
երգչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կառաջարկեմ բնակչությանը գոնե կոմունալ մուծումներ կատարեն… քաղաքացիական եւ սոցիալական պարտքը մարեն:

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
երգիչ-երգահան

ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսակցություններին վերաբերվում եմ որպես կատակ: Բայց եթե նույնիսկ լուրջ լիներ, ապա ոչ մի բան չէի անի: Ես բավարարված եմ թե՛ անձնական, թե՛ հասարակական կյանքում իմ նվաճումներով եւ մի օրվա, շտապ գործեր չունեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Շանթ» հ/ը կիրակնօրյա «Հորիզոն»
հաղորդման  հեռուստամեկնաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս