«Էս ի՞նչ է էս փողոցների վիճակը, հնարավո՞ր չէ մաքրել». այսպիսի դժգոհություններ վերջին շրջանում հաճախ ենք լսում գյումրեցիներից: Օրեր շարունակ տեղացող առատ ձնից հետո մաքրման որեւէ աշխատանք չկատարելու հետեւանքով Գյումրու բոլոր փողոցներն այսօր գրեթե անանցանելի են: Վարորդները ստիպված են ի ցույց դնել իրենց հմտություններն ու վարպետությունը, ինչը, սակայն, լի է վթարաստեղծ իրավիճակներով: Բայց ավելի մեծ հմտություն է պահանջվում սառցակալած փողոցներն անցնող հետիոտներից, քանի որ ամեն վայրկյան նրանք կարող են սայթաքել, ընկնել եւ կոտրվածքներ ստանալ: Սա, իհարկե, գլխավոր փողոցներում, իսկ երկրորդական փողոցների մասին խոսելն անգամ անիմաստ է: Ինչպես միշտ, դրանք նույն վիճակում են՝ չմաքրված ու դժվարանցանելի: Դեռ մեկ ամիս առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից նվեր ստացած ձյուն մաքրող մեքենաների աշխատանքը քաղաքում կարծես չի էլ երեւում: Մաքրված փողոց՝ որպես այդպիսին, միայն Շիրակացի փողոցն է, իսկ մյուս կենտրոնական փողոցների՝ Սայաթ-Նովայի, Գորկու, Հաղթանակի պողոտայի, Տերյան, Երեւանյան խճուղու եւ Կենտրոնական հրապարակի վիճակն անմխիթար է:
Չնայած այս ամենին՝ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը վստահեցնում է, որ քաղաքի կենտրոնական փողոցները, այդ թվում նաեւ Կենտրոնական հրապարակը, ամբողջությամբ մաքրված են: Նրա տեղեկացմամբ՝ հնարավորության սահմաններում կմաքրվեն նաեւ գլխավոր փողոցներն իրար կապող միջանկյալ փողոցները: Պաշտոնյայի պնդմամբ՝ քաղաքն այսօր ունի ձյուն մաքրող մեքենաների պակաս: Իսկ մեկ ամիս առաջ՝ ձմռան նախաշեմին, Գագիկ Ծառուկյանից նվեր ստացած մեքենաների մասին Կ. Մանասյանն ասաց. «Մեքենաները կահավորված չէին ձյուն մաքրելու հարմարանքներով, մենք հիմա կահավորում ենք: Այդ մեքենաները նախատեսված են ավելի շատ գյուղատնտեսական աշխատանքների համար, պարզապես մենք, որ նեղ վիճակում ենք գտնվում, պետք է փորձենք հնարավորությունն օգտագործել եւ օգտագործում ենք»:
Հանուն արդարության նշենք, որ փողոցները ձյան շերտից մաքրելու համար քաղաքապետարանն աղ ու ավազ ցանում է, ինչի մասին խոսում են նաեւ բնակիչները: «Տեսել եմ, որ առավոտներն աղ ու ավազ են ցանում, բայց ձյուն մաքրող մեքենա դեռ չեմ տեսել: Ես համոզված եմ, եթե դրանք լինեն էլ, կմաքրվեն միայն կենտրոնական մի քանի փողոցները՝ մարդկանց ցույց տալու համար, իբր թե գործ են անում»,-վստահ է քաղաքացիներից մեկը:
«Էս պահին 5 մեքենա ավազ է ցանում, 1 գրեյդեր ու 2 տրակտոր, որոնց այսօր կմիանան եւս երկուսը՝ ձյուն են մաքրում»,-ավելացրեց Կ. Մանասյանը:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ երբ Գագիկ Ծառուկյանը մեծ շուքով գյումրեցիներին նվիրեց ձյուն մաքրող մեքենաները, այդ ժամանակ ոչ ոք չնշեց, որ դրանք կահավորված չեն ձյուն մաքրելու հարմարանքներով, եւ ինչպես այսօր քաղաքապետարանի պաշտոնյան է հավաստիացնում, նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքների համար: Ասել է թե` սովորական տրակտորներ են:
Գյումրի