Վերջապես հուլիսի 18-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` նախագահությամբ դատավոր Սիմիզար Հովսեփյանի հրապարակվեց մեկ տարուց ավելի քննվող Երեւանի մետրոպոլիտենի 3 աշխատողների գործով վճիռը: Այդ մասին հայտնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն` իր տարածած հաղորդագրության մեջ.
«Դատարանի վճռով հաստատվել է Գագիկ Գալստյանի, Սեւակ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Գեւորգյանի իրավունքների խախտումը, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կողմից աշխատողնեին անօրինական ազատումը եւ աշխատանքից ազատման համար իրավական հիմքերի բացակայությունը:
Վճռով սահմանվել է. «…անվավեր ճանաչել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փ.Յայլոյանի 14.02.2014թ. աշխատանքից ազատման հրամանները, «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից հօգուտ Սեւակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գեւորգյանի, Գագիկ Գալստյանի բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 14.02.2014 թվականից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը Սեւակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գեւորգյանի, Գագիկ Գալստյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը համարել լուծված: «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից հօգուտ Սեւակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գեւորգյանի, Գագիկ Գալստյանի բռնագանձել նրանց միջին աշխատավարձի հնգապատիկի չափով գումար, որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում»:
Անհիմն ենք համարում դատարանի կողմից աշխատողներին նախկին աշխատանքում վերականգնման մերժումը, քանի որ մետրոպոլիտենի կողմից ձեւականորեն կրճատված եւ 2014 թվականի օգոստոսի 1-ին հաստատված եւ տաս ամիս անց` 2015թ. հունիսի 6-ին դատարանին ներկայացված 20 աշխատողի հաստիքացուցակը չեր կարող ընդունվել դատարանի կողմից որպես աշխատանքում չվերականգնելու հիմք:
Սույն վճիռը միանշանակ առաջիկայում բողոքարկվելու է ՀՀ Վերաքննիչ դատարանում եւ պահանջվելու է մետրոպոլիտենի նախկին աշխատողների աշխատանքում վերականգնումը: Աշխատողների շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գեւորգյանը: