Դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչ Սարգյուլ Սիրեկանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) դատապարտեց 3 տարվա ազատազրկման եւ որոշեց ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 4 տարի ժամկետով փորձաշրջան: Դատախազ Վրեժ Առաքելյանը պահանջել էր Ս. Սիրեկանյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման: Սակայն դատարանը պատիժը նշանակելիս հաշվի առավ, որ կինը նախկինում դատված չի եղել: Դատարանն ապացուցված համարեց, որ Ս. Սիրեկանյանը 2011թ.-ից մինչեւ 2012թ. հունիս ամիսն Իջեւանի Չըռչռ կոչվող տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների: Նշենք, որ դատավոր Ռ. Մելքոնյանը նոյեմբերի 30-ին նույն հոդվածով՝ ՀՀ քր. օր.-ի 262-րդ հոդվ. 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրվող Իջեւանի 54-ամյա բնակչուհի Կարինե Օթարյանին եւս դատապարտել է 4 տարվա պայմանական ազատազրկման: Դատախազ Վրեժ Առաքելյանը Կ. Օթարյանի համար պահանջել էր 3 տարվա ազատազրկում: Կ. Օթարյանին մեղադրանք էր առաջադրված առ այն, որ նա՝ որպես ադմինիստրատոր, աշխատելով Իջեւան քաղաքի սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրներից մեկում, հյուրանոցի սենյակները հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառներ Ա. Գրիգորյանին, Ա. Ղազարյանին, Ա. Խաչինյանին, Զ. Փարսադանյանին եւ Ա. Մկրտումյանին: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դատախազությունը, մեղմ համարելով դատարանի վճիռները, վերաքննիչ բողոք է ներկայացրել Կ. Օթարյանի եւ Ս. Սիրեկանյանի դատավճիռների դեմ: Հիշեցնենք, որ դատարանում 2 վկա «աղջիկների» ցուցմունքների համաձայն՝ Ս. Սիրեկանյանն իրենց հրավիրել է միջպետական մայրուղու եզրին գտնվող Չըռչռ կոչվող տարածք, որտեղ 2 պարսիկների հետ սուրճ խմելուց հետո վերջիններիս հետ մեկնել են մոտակա հյուրանոցներից մեկը: Նրանք պարսիկներին «սպասարկել են» 5 հազար դրամով: Այդքան է եղել նաեւ մյուս մարմնավաճառների «ծառայության գինը»: 5 հազար դրամով մարմնավաճառություն են անում այն կանայք, որոնք գտնվում են կյանքի հատակում: Նրանք պատահական անձանց հետ սեռական հարաբերություն ունենալիս չեն մտածում սեռական վտանգներից պաշտպանվելու մասին եւ իրենց մոտ պահպանակներ չեն ունենում: Այդ մարմնավաճառների «հնագույն արհեստով» զբաղվելուն նպաստող կանանց պայմանական ազատազրկման դատապարտելով` դատարանն առաջին հայացքից հումանիստական քայլ է կատարում: Սակայն կավատ կանայք, ազատության մեջ լինելով, ամենայն հավանականությամբ կշարունակեն իրենց «հին գործը»: Իսկ դա կնպաստի հանրապետությունում սեռավարակների տարածմանը:
Տավուշ