ՄԵԿԸ՝ ԱՆԹԱԼԻԱ, ՄՅՈՒՍԸ՝ ԴՈՒԲԱՅ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդիկ, որոնք ֆինանսապես ապահովված են, հնարավորության դեպքում տոները նշում են երկրից դուրս: Երգիչ  ԱՐՄԵՆ ՍԱՄՍՈՆՅԱՆՆ ու երգչուհի ԱՐՄԻՆԿԱՆ առաջին տարին չէ, որ Նոր տարին անցկացնում են տաք երկրներում: Այս տարի նրանք կրկին կկտրվեն հայաստանյան եռուզեռից, կհանգստանան ու արեւայրուքով կվերադառնան տուն:

ԱՐՄԵՆ ՍԱՄՍՈՆՅԱՆ (ԳՈՃԻ)
-Արդեն 5-6 տարի է, ինչ ես ընտանիքով մեկնում եմ Անթալիա` Նոր տարին դիմավորելու: Դրա համար էլ մենք նախoրոք գնումներ չենք անում: Ամեն տարի մեր աղջիկն էլ էր գալիս մեզ հետ, բայց քանի որ այս տարի նրան ամուսնացրել ենք, ես ու կինս ենք մեկնելու: Դե բայց գնալուց առաջ էլ էրեխուս նվեր կտանք ու կգնանք:  
-Ի՞նչ եք գնել:
-Շատ սիրուն ոսկյա շղթա` իր խաչով:
-Փաստորեն, Ձեր կինն Ամանորին չի չարչարվում, տարատեսակ ուտեստներ չի պատրաստում:
-Հենց իրա համար եմ պնդում, որ գնանք: Ինքը միշտ շատ ճոխ է պատրաստվում, բայց ես չեմ ուզում, որ ինքը գործ անի: Դրա համար էլ մենք մեր ընկերներով` ես, Սպիտակցի Հայկոն, մի քանի տարի էլ Ջոնին է եկել մեզ հետ, միանում ենք ու ընտանիքներով գնում: Շատ հետաքրքիր է անցնում, հայերով հավաքվում ենք այնտեղ, երաժշտությունով, երգ ու պարով անցկացնում տոները:
-Ինչքա՞ն գումար եք նախատեսել ծախսել Նոր տարվա տոներն այնտեղ անցկացնելու համար:
-Դեկտեմբերի 29-ին թռնում ենք, հունվարի 9-ին հետ գալիս: Այդ օրերի ընթացքում շատ չի ծախսվում: 3000 դոլար երկուսիս տոմսն է նստում, ու եթե ճիշտն ասեմ, էնտեղ ծախսելու տեղ էլ չկա, ամեն ինչ մտնում է այդ տոմսի մեջ: Եթե հագուստ չգնենք, ուտելու համար ոչ մի կոպեկ չի ծախսվում: Եթե ուզում ենք, 4-5 հազար դոլար ընդհանուր ծախսում ենք:
-Ձեր շնորհավորանքը:
-Առաջինը շնորհավորում եմ Ձեր խմբագրությանը` գլխավորությամբ խմբագրի: Շատ ուրախանում եմ, որ դուք կաք, հենց առաջինը ձեր թերթն եմ առնում: Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ ու մեր ազգին էլ ցանկանում եմ, որ բոլորը լավ ապրեն` առողջ, ժպտալով:

ԱՐՄԻՆԿԱ
-Այս տարի Նոր տարին կնշենք Արաբական Միացյալ Էմիրություններում, անցած տարի էլ էինք դիմավորել Դուբայում` շքեղ հրավառություն նայելով: Կարծում եմ՝ Ալեքսի համար դրանից ավելի հետաքրքիր ու լավ բան չէր էլ կարող լինել: Անկեղծ ասած, չեմ սիրում Հայաստանում այս աժիոտաժը` կապված Ամանորի հետ, դրա համար այս տարի էլ կդիմավորենք տաք երկրում:
-Բացակայության դեպքում պատրաստություն տեսնո՞ւմ եք:
-Մամաս հոգում է ինչ-որ բաներ, որովհետեւ ինքը շատ է սիրում այս թոհուբոհը, անպայման մեր տանը լինում է քաղցրեղեն, ընդեղեն, գնվում է նոր սպասք իր սփռոցով ու անձեռոցիկներով: Ես սեղանային պատրաստությունները չեմ սիրում, բայց ինձ դուր է գալիս, երբ քաղաքն է պատրաստվում, գեղեցկանում:  
-Տոնածառ դնո՞ւմ եք:
-Անպայման, այս տարի ես համարյա թե ամբողջ նոյեմբերը բացակայել եմ քաղաքից, բայց դեռ դեկտեմբերի սկզբին մենք դրել ենք մեր տոնածառը, զարդարել ամբողջ բնակարանը: Ես էլ արդեն Ձմեռ պապիկի նվերը գնել եմ: Որդիս տատիկի հետ նամակ էր գրել ու այս տարի Ձմեռ պապիկից խնդրել մոտոցիկլետ: Անցած տարի էլ մեքենա էր խնդրել:
-Իսկ Դուք ի՞նչ նվեր եք ուզում ստանալ:
-Վա՜յ, չգիտեմ, այս վերջին երեք տարիներին Ձմեռ պապիկի նվերն ինձ մղվել է երկրորդ պլան: Բայց տեսնենք, միշտ էլ անակնկալներ լինում են: Մամաս ու քույրիկս ինձ միշտ անակնկալ մատուցում են, ես էլ՝ իրենց: Բայց ինձ համար շատ կարեւոր է, թե ես ինչպես կդիմավորեմ Նոր տարին:
-Որոշակի գումար նախատեսե՞լ եք տոնական ծախսերի համար:
-Ես երբեք կոնկրետ գումար չեմ տրամադրում ինչ-որ մի բանի, մանավանդ երբ հարցը վերաբերում է նվերներին, դրանք շատ անկանխատեսելի են:
-Ի՞նչ կմաղթեք մեզ:
-Արեւ եմ մաղթում առաջին հերթին, որովհետեւ արեւը կարծես նեղացել է մեր քաղաքից: Մաղթում եմ, որ բոլորի տներում ջերմ արեւ լինի. թող մարդիկ լույսի մեջ լինեն, ուրախ լինեն եւ լավատես: Թող տարին տարվա վրա մեր հոգսերը մի քիչ ավելի պակաս լինեն: Ամենակարեւորը՝ հավատանք հրաշքների ու ոչ միայն Ամանորի գիշերը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս