ՀԱՐՑ. Եկող` 2013 թվականը, ըստ արեւելյան հորոսկոպի, օձի տարի է լինելու: Լա՞վ բան սպասել, թե՞ «օձային»: Հավատ ընծայե՞լ այդ խորհրդանիշներին առհասարակ, թե՞ դրանք տարբեր երկրների բիզնես ծրագրեր են: Կուզենայի լսել աստղաբանի կարծիք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արեւելյան աստղաբանությունը նկարագրություն է տալիս տարվա կտրվածքով: Դա, իհարկե, անհիմն չէ, սակայն չափազանց ընդհանուր է, որպեսզի կարելի լինի, միայն դրա վրա հիմնվելով, որեւէ լուրջ կանխատեսում անել: Այդ աստղաբանությունն ունի օգնող շատ այլ հաշվարկային գործիքներ, որոնցով առաջնորդվում է: Տարուց դավադրություն սպասել պետք չէ: Ուղղակի հիշեք, որ օձը երբեք չի օգնի ծույլին: Փոխարենը լրջմիտ ու զուսպ քայլեր անողին անպայման կսատարի, քանի որ օձը իմաստության խորհրդանիշ է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չինական կենդանակերպի համաձայն` մուգ ջրային օձը խորհրդանշում է խելացիություն եւ խելամտություն, կամք ու եռանդ: Սակայն չմոռանանք, որ իրական կյանքում այդ վտանգավոր սողունը շատ արագ եւ կայծակի արագությամբ նետվում է զոհի վրա` վայրկենապես ոչնչացնելով իր թույնով: Բայց եւ փաստ է, որ նրա թույնից են ստանում ամենակարեւոր դեղամիջոցները: