ՀԱՐՑ. Հանրակրթական շատ դպրոցներում աշխատում են հոգեբաններ. դա պարտադի՞ր պահանջ է, թե՞ թողնված է դպրոցի տնօրենի հայեցողությանը: Ցանկալի է, որ Երեւանի թիվ 104 դպրոցը եւս ունենա հոգեբան: Իմ երեխան սովորում է այդտեղ, եւ զգում եմ, որ շատ հոգեբանական հարցերում մասնագետի առկայությունը դպրոցում կօգնի նրան ու դասընկերներին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան` կապված Երեւանի քաղաքապետարանի թիվ 104 դպրոցում հոգեբանի առկայության խնդրի հետ, աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ այն քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում թիվ 104 դպրոցի տնօրինության մասնակցությամբ: Հոգեբանի հաստիքը պարտադիր է ներառական կրթության ծրագիր իրականացնող դպրոցների համար:
Վերոնշյալ դպրոցում ներառական կրթություն չի իրականացվում:
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընթերցողի հարցն այնքան էլ չէր կարեւորվի, եթե այսօր, կապված տարբեր գործոնների հետ, հոգեբանի առկայությունը հանրակրթական դպրոցներում գնալով ավելի պահանջված չդառնար: Գուցե ոլորտի պատասխանատուների համար սա թիվ մեկ անհրաժեշտությունների շարքում չէ, բայց դժվար թե նրանք չհամաձայնեն մեզ հետ, որ մերօրյա բարդ իրավիճակներում հոգեբանի կարիք ունեն ոչ միայն ներառական կրթություն իրականացնող դպրոցները, այլեւ մանկապարտեզները: Մի վերապահումով սակայն` եթե այդ պահանջարկի տակ ծանոթ-բարեկամին մի կերպ գործի տեղավորելու խնդիրը չէ, որ լուծվում է: