ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱ՛ՇՏԸ ԲԱՑԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը նախօրեին հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադառնալով իր վերընտրվելու  հնարավորությանը՝ որպես իր պաշտոնավարման տարիների ամենամեծ ձեռքբերում ներկայացրել է. «Մենք կարողացանք այս ժամանակահատվածում առաջին հերթին բացել հասարակությունը: Ես համարում եմ, որ այժմ Հայաստանում առկա է բաց հասարակություն. մարդիկ ազատ քննադատում են իշխանություններին, առկա է  քաղաքական մրցակցային պայքար: Գտնում եմ, որ մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում»: Ինչ խոսք, հանուն արդարության պետք է նշենք, որ լրատվական դաշտը բացելու հարցում իրոք, թեկուզ եւ փոքր, սակայն, այդուհանդերձ, առաջընթաց կա: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի համակարգը լրատվական դաշտը բացել է այնքանով, որքանով իրեն է պետք` հասարակության մեջ ակումուլացվող դժգոհությունը սուր քննադատական բնույթի լրատվությամբ  մեղմելու համար: Իսկ խորքային առումով  լրատվական դաշտը  բացելն ավելի շատ իմիտատիվ բնույթ է կրում, քանի որ, բացի «Ա1+»-ի կեսժամանոց թողարկումներից, այսօրվա հեռուստաեթերում իսպառ բացակայում է ընդդիմադիր լրատվությունը: Իշխանությունները շատ են սիրում ասել, թե Հայաստանում կան բազմաթիվ արմատական ընդդիմադիր թերթեր ու ինտերնետային կայքեր, սակայն գաղտնիք չէ, որ այդ բոլոր թերթերն ու ինտերնետային կայքերը միասին չունեն անգամ մեկ  հեռուստաընկերության  լսարանի  երկու տոկոսը: Այնպես որ` Սերժ Սարգսյանի կողմից մատնանշված ամենամեծ ձեռքբերումը, կարելի է ասել` ավելի շատ փուչիկ է, որը կարող է պայթել հենց այն վայրկյանին, երբ սկսի լուրջ վտանգ ներկայացնել Ս. Սարգսյանի վերարտադրության համար:  Սակայն այստեղ շատ կարեւոր է նաեւ  այն, որ 5 տարի երկիրը ղեկավարած Ս. Սարգսյանը, ըստ էության, որեւէ այլ ակնառու ձեռքբերում չունի՝ ներկայացնելու հանրությանը: Դա հստակ երեւաց նաեւ ՀՀԿ 14-րդ համագումարում նրա ունեցած ծրագրային ելույթից, որտեղ եւս հիմնական շեշտադրումները կատարված էին հենց հասարակությունը բացելու, ամենաթողության դեմ պայքարի եւ նման բարոյական խնդիրների վրա: Իսկ այ կոնկրետ տնտեսական կամ քաղաքական ձեռքբերումների մասին նշումները հպանցիկ էին եւ ընդհանրական: Մենք, իհարկե, ամենեւին չենք թերագնահատում բաց հասարակություն եւ ազատ լրատվական դաշտ ունենալու կարեւորությունը, ինչպես եւ խիստ անհրաժեշտ ենք համարում Ս. Սարգսյանի մատնանշած  մրցակցային քաղաքական պայքարը: Սակայն ակնհայտ է, որ այդ ամենը պարզապես չի կարող իրական լինել, եթե երկրում չկան նախեւառաջ` ազատ տնտեսական հարաբերություններ, եթե տնտեսության բոլոր ճյուղերը մենաշնորհել են Ս. Սարգսյանի կողմից վերահսկվող օլիգարխները, որոնք էլ անհրաժեշտ պահին վիժեցնում են ե՛ւ մրցակցային քաղաքական պայքարը, ե՛ւ լրատվական դաշտն իրապես  բացելու գործընթացը:




Լրահոս