Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Երևանում ծեծի հերթական դեպքն է գրանցվել: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի «Օմեգա» գիշերային ակումբից ոստիկանություն ահազանգ է եղել, որ հաճախորդներից մեկի հետ վիճաբանությունն ավարտվել է հաճախորդի` աստիճաններից վայր ընկնելով:
Armlur.am-ը կատարվածի շուրջ զրուցեց գիշերային ակումբի աշխատակիցներից մեկի` Տիգրանի հետ, ով հայտնեց, որ ոստիկանություն ահազանգել է ակումբի կառավարիչը, իսկ ծեծ, մեր զրուցակցի խոսքով, չի եղել: Տիգրանի փոխանցմամբ, հիվանդանոցում հայտնված հաճախորդը պարսիկ է, իսկ դեպքը տեղի է ունեցել վերջինիս վարքի հետևանքով. «Իրեն այնպես էր պահում, այնպիսի բաներ էր անում, որ ամոթ էլ է ասեմ: Նրան փորձել ենք կարգի հրավիրել, սակայն` ապարդյուն: Ծեծ չի եղել, որևէ մեկը նրան չի ծեծել, նա է վայր ընկել աստիճաններից»:
Տիգրանը հայտնեց նաև, որ պարսիկ հաճախորդն այն աստիճանի էր հարբել, որ ոչ մի կերպ չէր կարողանում ինքն իրեն կառավարել: Իսկ կարգն, աշխատակցի փոխանցմամբ, թույլ չի տալիս հաճախորդի «ցանկությունը»` խմելու չափուքանակի հետ կապված, չկատարել:
Նշենք, որ ձեռքը ջարդված «Էրեբունի» ԲԿ տեղափոխված պարսիկը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել, իսկ արդեն ավելի ուշ պարզվել է, որ հաճախորդին ծեծողն ու նրա ձեռքը կոտրողը եղել է «Օմեգա»-ի անվտանգության աշխատակիցը: Այս տեղեկությունը, սակայն, գիշերային ակումբի աշխատակիցը հերքեց: Մնում է սպասել քննության արդյունքներին:
Ավելորդ չենք համարում նշել, որ այս գիշերային ակումբում նման դեպքերը բավականին հաճախ են կրկնվում: