«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ վիճակը ծանր է:
«Ես այսօրվա մեր երկիրը համեմատում եմ նրա հետ, որ մեկի բարեկամը հիվանդանում է, ասում են՝ դե կլավանա էլի, հետո ասում են՝ շատ վատ ա, մի երկու հոգի գնում, տեսնում են, հետո ասում են՝ մահամերձ է, կմահանա, բոլորը հավաքվում են, որ փրկեն ու չեն կարում փրկեն: Հիմա մեր երկիրն այսօր այդ հիվանդության մեջ է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում: Միքայելյանը նաեւ հավաստիացրել է, որ երկիրն այս վիճակից փրկելը յուրաքանչյուրի պարտականությունն է:
«Սասունը երբեք ոչ մի բանից չի հուսահատվել, ու այսօրվա իրավիճակից էլ ես չեմ հուսահատվում: Ես միշտ գնացել եմ ուղիղ ու ճիշտ: Չգիտեմ՝ ով ինչ գնահատական է տվել, ինչպես է հասկացել, բայց մեր Հայաստանի Հանրապետության կարգի երկրներում, մեր աշխարհագրական դիրքը վերցնենք, պետք է չոր քաղաքականություն չվարել, այլ հոգի դնել, ես հոգի եմ դրել այս երկրի, բանակի ձեւավորման մեջ եւ ընդհանրապես քաղաքական դաշտում»,-նշել է նա:
Առաջիկա ներքաղաքական գործընթացների վերաբերյալ Միքայելյանը չի խոսել՝ խորհուրդ տալով սպասել տարեվերջին: «Շեքսպիրը ո՞նց է ասել` մնացյալը լռությունն է, հիմա կլռենք, հետո կխոսենք, ես չեմ կարող չխոսել»,-ասել է նա: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը, Միքայելյանը նշել է, թե հիմա սպասում են նրա որոշմանը:
ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ