ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ «ԽՈՐԸ» ՀԱՆԳՍՏԻ ՄԵՋ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին, ի վերջո, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այսպիսով` այլեւս հստակ է, որ իշխանությունները պատրաստվում են անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: Ընդ որում, ուշագրավ է, որ իբրեւ պարտադիր պայման՝ նոր նախագծով սահմանվում է Աժ-ում մեկ քաղաքական ուժի մեծամասնության առկայությունը:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված փաստաթղթի՝ առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության հիմնական օղակը Ազգային ժողովն է: Նախատեսվում է, որ ԱԺ-ն լինելու է ժողովրդի ներկայացուցչական մամինը, այն իրականացնելու է օրենսդրական գործունեություն, վերահսկելու է գործադիր իշխանության գործունեությունը: Աժ-ն կազմված է լինելու «առնվազն 101 պատգամավորից»: Այսինքն՝ կսահմանվի պատգամավորների նվազագույն թիվը, իսկ առավելագույն շեմը կորոշվի օրենքով:
Գործադիր իշխանությունը միանձնյա իրականացնելու է Կառավարությունը, իսկ խորհրդարանը լինելու է նրա վերահսկող մարմինը: ԱԺ-ն իրավունք կունենա ստեղծել «քննիչ հանձնաժողովներ»՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու նպատակով: Նման հանձնաժողով հնարավոր կլինի ստեղծել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: ԱԺ-ն հնարավորություն կունենա վարչապետին անվստահություն հայտնել պատգամավորների առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացված նախագծի հիման վրա, այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ` անվանական քվեարկությամբ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է հայրենի խորհրդարանի պատգամավորներից պարզել, թե ինչպես են վերաբերվում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, ու արդյո՞ք ներկայացված նախագիծն արդարացրել է իրենց սպասելիքները: Սակայն պարզվեց՝ օրենսդիր մարմինն ամբողջապես հանգստի է մեկնել ու չի էլ հետաքրքրվում տեղի ունեցող իրադարձություններով: Խորհրդարանականները մեզ հետ զրույցում ասացին, թե նախագիծն առաջիկայում կուսումնասիրեն, կքննարկեն ու իրենց տեսակետը կներկայացնեն հանրությանը: Ի դեպ, երեկ արտախորհրդարանական քաղաքական ուժերից «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ պետք է ոչ ասել նման բարեփոխումներին. «Երբ որ չես ցանկանում ռեալ բարեփոխել երկրի՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, բարոյա-հոգեբանական իրավիճակը, այլ ցանկանում ես ընդմիշտ մնալ իշխանության ու թալանել, նախաձեռնում ես այսպիսի սահմանադրական բարեփոխումներ… ուրեմն` ո՛չ, այսպիսի բարեփոխումներին` ո՛չ»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, արդյո՞ք Ձեր ղեկավարած խմբակցությունն արդեն ուսումնասիրել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված նախագիծը: Ի՞նչ տեսակետ ունի «Ժառանգություն»-ը, արդյո՞ք Ձեր ակնկալիքները արդարացվել են:
-Մենք դեռեւս մանրամասնորեն չենք ծանոթացել, մենք այժմ ուսումնասիրում ենք սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
-Խնդրում եմ՝ ներկայացրեք Ձեր նախնական տեսակետը. Ձեր ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ կարծիք եք կազմել:
-Դեռեւս քննարկման փուլում ենք, առաջիկայում կլինի կուսակցության վարչության նիստը, այդ ժամանակ էլ կհստակեցվի ամեն ինչ, ու մենք կներկայացնենք մեր տեսակետը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Պարո՛ն Վարդանյան, խնդրում եմ՝ ներկայացրեք Ձեր կուսակցության տեսակետը՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի հետ կապված, արդյո՞ք սա այն էր, ինչ Ձեր կուսակցությունը պատկերացնում էր:
-Դեռեւս մանրամասն չենք ուսումնասիրել, կքննարկենք, ապա մեր տեսակետը կներկայացնենք:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, իշխանությունները հրապարակել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ի՞նչ տեսակետ ունի ԲՀԿ-ն՝ նախագծի հետ կապված, արդյո՞ք ուսումնասիրել եք այն:
-Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացվել է մեր փորձագետներին եւ իրավաբաններին, որպեսզի մասնագիտական եզրակացություն պատրաստեն խմբակցության եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի համար: Չեմ կարծում, որ սեպտեմբերից շուտ մենք դրան կանդրադառնանք, որովհետեւ Սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ կան, որոնցում հղում է արված օրենքին, օրինակ՝ գրված է 100 տոկոս համամասնական ընտրակարգ, բայց հասկանալի է, որ դա ունի տարբեր մոդիֆիկացիաներ, տարբեր ձեւեր: Մենք 100 տոկոս համամասնականին կողմ ենք, բայց թե այդ մոդիֆիկացիաններից որն է ընտրվելու, սա սահմանվելու է ընտրական օրենսգրքով: Երբ կլինեն նաեւ հարակից օրենքները, այդ ժամանակ մենք կկարողանանք վերջնական եզրակացություն ներկայացնել: Քաղխորհրդի մեծամասնությունը գտնվում է արձակուրդում, մենք կկարողանանք մեր որոշումը հստակեցնել սեպտեմբերից ոչ շուտ, քանի որ մենք պետք է անպայման այն քննարկենք մեր քաղխորհրդում: Մեզ համար այժմ առաջնային է մեր տարածքային կառույցների հետ հանդիպումը:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը ողջ օրվա ընթացքում փորձեց նույն հարցի շուրջ զրուցել նաեւ ԱԺ ՀԱԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորների հետ, սակայն նրանց հեռախոսները կա՛մ անջատված էին, կա՛մ մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Խորհրդարանականները «խորը» արձակուրդում են:

 

 

 

 
ՇԱԲՈՅԱՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆ Է, ՈՉ ԱՎԵԼԻՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ-ում ինչու է ավիատոմսերի շուկայում խայտառակ իրավիճակ ստեղծվել, հայտարարեց, թե ՏՄՊՊՀ-ն զբաղվում է մրցակցության վերահսկողությամբ, իսկ գների վրա մրցակցության բացակայությունն ազդում է մասնակի:

-Պարո՛ն Շաբոյան, օրերս բենզինի շուկայում թանկացումներ են եղել 10 դրամով, արդյո՞ք Ձեր ղեկավարած կառույցն ուսումնասիրել է, թե ինչի արդյունքում է նման թանկացում գրանցվել:
-Այո՛, անցկացրել ենք ուսումնասիրություն, այս տարվա սկզբից մինչեւ հիմա ամբողջ աշխարհում, կոնկրետ կարող եմ փաստերով ներկայացնել՝ ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ եվրոպական երկրներում, բենզինի գները բարձացել են: Իսկ Հայաստանում դոլարային արտահայտությամբ 9.5 տոկոսով իջել են այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներում 20.9 տոկոսով բարձրացել են հունվար-մայիս ժամանակահատվածի ընթացքում: Եվրոպական երկրներում նույնպես բարձրացում է եղել բենզինի շուկայում:
-Իսկ ինչ կասեք ավիատոմսերի շուկայի մասին, այնտեղ պարզապես խայտառակ վիճակ է: Ինչո՞ւ համապատասխան վերահսկողություն չեք իրականացնում, մարդիկ նախընտրում են Թբիլիսիից մեկնել այլ երկրներ, քանի որ Վրաստանում անհամեմատ մատչելի են ավիատոմսերը: Ստուգումներ իրականացրե՞լ եք այդ ոլորտում, ինչո՞ւ է տարբերությունն այդքան ահռելի:
-Ավիափոխադրումների վրա ազդում է հատկապես սեզոնայնությունը, գործոնները բազմաթիվ են: Նույն Վրաստանի հետ եք համեմատություն կատարում, օրինակ՝ Վրաստանում գործոններից մեկը` օդանավակայանների սակագները, կարող են տարբեր լինել: Մրցակցությունը բազմաթիվ գործոններից ընդամենը կարող է մեկը լինել՝ գնագոյացման վրա առաջարկ-պահանջարկից սկսած… ազդում են բազմաթիվ գործոններ: Մրցակցությունն այդ ոլորտում կարող է… մոնոպոլիաներ այդ ոլորտում, մրցակցության սահմանափակումներ ընդհանրապես չկան, ու թռիչքներն ազատ են: Դուք կարող եք այդ հարցը այլ պետական մարմնի էլ ուղղել, ես մրցակցության պատասխանատուն եմ: Մրցակցությունն էլ գործոններից ընդամենը մեկն է, մրցակցության սահմանափակումը կարող է գների վրա ազդել: Մեր հանձնաժողովը գների վերահսկողություն, գների կարգավորում չի իրականացնում: Ու, ընդհանրապես, գների պետական կարգավորում չի իրականացվում, գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, մրցակցությունը կարող է այդ գործոններից մեկը լինել:
-ՀԷՑ-ը Ձեր բաջանաղից ավտոմեքենաներ էր վարձակալել…
-ՀԷՑ-ը մեզ չի վերաբերում, ցտեսություն (նստում է մեքենան ու հեռանում: Ս.Գ.)

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ՀՔԾ-Ն ՍՏԱՑԱՎ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի գրությունը՝ հանցագործության մասին, երեկ նոր հասել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել ՀՔԾ` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ ցույցը հուլիսի 6-ին ցրելու ժամանակ «կոնկրետ մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով»: Գրասենյակը նշել էր, որ հաղորդման հիմքում ընկած են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված նյութերը, որոնք պատմում են կոնկրետ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների մասին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանի գլխավոր դատախազից պահանջում է պարզել ներկայացված բռնարարքների կատարողներին, քրեական գործ հարուցել եւ հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել: Օրեր անց պարզ կլինի՝ ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցի՞ ոստիկանների նկատմամբ, թե ոչ:

 

ԸՆԴԴԵՄ «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» ԱՆԴԱՄԻ
Պարզվում է՝ Կենտրոն վարչական շրջանը այս տարվա հունիսի 5-ին դիմել է Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի՝ պահանջելով վերջինից բռնագանձել հողի վարձավճարի պարտքը եւ տույժերը, որոնք ընդհանուր կազմում են 165 հազար դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանն ասաց, որ դա իր պարտքը չէ. «Մինչ այս բնակարանը գնելը նախկին տերը ավտոտնակի վարձակալման գումարը չի տվել, եւ հիմա էլ ինձ են դատի տվել, այդ գումարն են պահանջում: Ես չեմ պատրաստվում այդ ավտոտնակի նախկին տիրոջ պարտքը վճարել եւ հակընդդեմ հայցով կդիմեմ դատարան»,- հայտարարեց Եղնուկյանը:

 

ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը կրկին տուգանվել է: «Ժողովուրդ»-ը հունիսի 10-ին գրել էր, որ վերջինիս պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան էին ներմուծվել 18 հազար 820 կգ կենդանի խոզեր, որոնց մաքսային հայտարարագրերը ժամանակին չներկայացնելու համար ընկերությունը տուգանվել էր 50 հազար դրամի չափով: Պարզվում է՝ նույն ընկերությունը կրկին ապրանք է ներմուծել, այս անգամ արդեն 16 հազ. 640 կգ քանակով, սակայն, ինչպես նախորդ անգամ, մաքսային հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել մաքսային ծառայությանը: Արդյունքում, նշված ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանը կրկին տուգանվել է 50 հազար դրամի չափով:




Լրահոս