ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԵ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանոթանալով սահմանադրական բարեփոխումների փաթեթի` նախօրեին հրապարակված առաջին 7 գլուխներին՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ներկայիս իշխանությունները որոշել են քանդել գործող Հայաստանի Հանրապետությունը եւ պետությունը վերաձեւելով՝ այն դարձնել իրենց քիմքին ու նախասիրություններին համապատասխան: Իսկ ներկա իշխանությունների նախասիրությունը, բնականաբար, իրենց իշխանության հավերժացումն է, որպեսզի նախ՝ իրենք մինչեւ մահուգերեզման իշխեն, հետո՝ այդ իշխանությունը ժառանգության սկզբունքով հանձնեն իրենց զավակներին, նրանք էլ իրենց զավակներին ու այսպես շարունակ:

Եթե նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի, ապա ներկայիս Հայաստանի Հանրապետությունից կմնա միայն անվանումը, իսկ բովանդակային մասով այն ամբողջությամբ կենթարկվի փոփոխության:
Իր իշխանությունը հավերժացնելու խնդիրը ներկա վարչակազմը ցանկանում է լուծել մեկ պարզ քայլով` սահմանելով, որ ԱԺ ընտրությունների արդյունքում մեկ քաղաքական ուժ պետք է անպայման մեծամասնություն ունենա` այդպիսով բացառելով կոալիցիա կազմելու, այսինքն՝ իշխանությունը պարտադրված կիսելու տարբերակը: Սա նույնն է, թե իշխանությունները գրեին, որ այսուհետ Հայաստանի իշխանությունը լինելու է ՀՀԿ-ն, եւ նման հեռանկարից հրաժարվելու միակ տարբերակը վարչակազմի դեմ ապստամբելն է: Իհարկե, իշխանությունները կարող են ասել, որ ցանկացողները կարող են խորհրդարանական ընտրություններում հաղթել եւ ստանձնել իշխանությունը: Սակայն այս մոտեցումն ընդամենը տեսական է, եւ իրականությունն այն է, որ ներկա պայմաններում որեւէ քաղաքական ուժ չի կարող միանձնյա հաղթել ԱԺ ընտրություններում եւ ՀՀԿ-ից խլել իշխանությունը: Արդյունքում կստացվի, որ քաղաքական ուժերը հավերժ շրջապտույտի մեջ կհայտնվեն:
Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնում էր, որ անհրաժեշտ է խորհրդարանը 100 տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորել: Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն էլ որոշել են այդ ցանկությունը այնպես իրագործել, որ հաջորդ պահից սկսած բոլորը սկսեն անիծել այն օրը, երբ որոշվեց խորհրդարանը 100 տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորել:
Նոր Սահմանադրության հաջորդ առանձնահատկությունն այն է, որ տեքստը չափից ավելի երկար է եւ իր բովանդակությամբ ավելի շատ օրենսգրքերի խառնուրդ է հիշեցնում: Գործող սահմանադրությունը, օրինակ, իր ձեւակերպումների մեջ շատ կոնկրետ է եւ հակիրճ: Իսկ առաջարկվող նախագիծը լոլոների մի շարան է, որտեղ բազմաթիվ տերմիններ եւ ինչ-որ հասկացություններ են օգտագործված, ու մի հաստափոր գիրք էլ պետք է գրեն, որպեսզի այդ ձեւակերպումները պարզաբանեն: Ասենք՝ նախագծի 24-րդ «Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը» հոդվածի 2-րդ «Բժշկական եւ կենսաբանության ոլորտում, մասնավորապես արգելվում են» կետի 1-ին ենթակետում գրված է՝ «եվգենիկական փորձերը»: Հիմա հարց՝ բժշկական կրթություն չունեցող քաղաքացիներից քանի՞սը գիտի, թե ինչ է նշանակում եվգենիկական փորձ, Հայաստանի բնակչության ո՞ր մասը գիտի, որ դա նշանակում է մարդու սելեկտավորում: Ընդհանրապես, որն է այդ դրույթը գրելու անհրաժեշտությունը: Մեկ այլ օրինակ՝ նախագծի 26-րդ «Անձնական ազատությունը» հոդվածի 1-ին կետով նախատեսվում են ազատությունից զրկելու դեպքերը, որի 6-րդ ենթակետի համաձայն՝ մարդը հարկադրաբար ազատությունից կարող է զրկվել, եթե, ասենք, «գինեմոլ է»: Հիմա հարց՝ ով եւ ինչպես է որոշելու՝ տվյալ մարդը գինեմոլ է, թե ոչ: Ասենք՝ ՀՀ բնակչության մեծամասնության կարծիքով ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝ սկսած Սերժ Սարգսյանից, գինեմոլ է եւ պետք է ինքնամեկուսացվի, հետո՞:
Ընդհանրապես, ով է ասել, որ Հայաստանի մի քանի իրավաբանների բոլոր մտաբեւեռումները պետք է Սահմանադրության տեքստում տեղ գտնեն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի մտքին ինչ եկել է, փաստաթղթում գրել է: Արդյունքում հայտնի մուլտֆիլմի պատմության պես մի բան է ստացվել. մեկն իր պոչի ցավերի, մյուսը` մազաթափության, մեկն էլ տանտիրոջ ջերմելու մասին է գրել եւ այսպես շարունակ:
Սահմանադրությունը օրենքներից տարբերվում է նրանով, որ ամեն առիթով չի կարող փոխվել, եւ այն երբեք չպետք է պարունակի բացատրության կարիք ունեցող, երկիմաստ ձեւակերպումներ: Ցանկացած քաղաքացի պետք է հնարավորություն ունենա Սահմանադրությունը ընթերցել եւ հստակ հասկանալ, թե այնտեղ ինչ է գրված: Սահմանադրությունը չպիտի լինի մի փաստաթուղթ, որից օգտվելու համար անպայման մասնագետ անհրաժեշտ լինի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ՆԵՐԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ազատումը կապված է ուղիղ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանուկյանից հենց նա է դժգոհ եղել, քանի որ վերջինս թիմային աշխատանքում լուրջ սխալ է գործել, ինչի համար էլ պատժվել է: Դա է պատճառը, որ Հովհաննես Մանուկյանը նախընտրում է չխոսել իր պաշտոնանկության պատճառների մասին: Մյուս կողմից՝ Մանուկյանի մտերիմներն անհամբեր սպասում են նրա վերադարձին՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է նա պաշտոնանկ արվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հովհաննես Մանուկյանի արձակուրդն ավարտվում է հուլիսի 24-ին: Ենթադրվում է, որ այդ օրերին նա կվերադառնա Հայաստան եւ միգուցե կպարզաբանի, թե ինչու հրաժեշտ տվեց նախարարի աթոռին եւ ինչ է պատրաստվում անել: Հավելենք, որ նրա երազանքն է կրկին դեսպան աշխատելը (նա նախկինում Վրաստանում ՀՀ դեսպանն էր):

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԲՐԻԿԱՆ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, որը կարի արտադրամաս էր, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 8-ի վճռով սնանկ է ճանաչվել: Իսկ, ահա, պարտատերերի առաջին ժողովը պետք է կայանա օգոստոսի 30-ին: Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազել են ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Եւ 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել է 55,2 մլն դրամ: Այս կարի արտադրամասն արդեն երկու տարի է, ինչ փակված է, աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարվել, նրանց մեծ մասն էլ դարձել է գործազուրկ:

 

ՆԻԿՈՅԱՆԸ ՏՈՒՆ Է ԳՆԵԼ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 3 մլն դրամ եւ 59 հազար ԱՄՆ դոլար: Պատգամավոր Նիկոյանի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 446 հազար դրամ: Նման համեստ աշխատավարձով պատգամավորն անցած տարվա ընթացքում 45 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն: Իսկ, ահա, պատգամավորի կնոջ` Մադլենա Վիրաբյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 2 հազար դոլար եւ մեկ հազար եվրո: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 1 մլն 440 հազար դրամ: Բացի այս՝ տիկին Մադլենան նաեւ շահաբաժին է ստացել, որը կազմել է 13 մլն 400 հազար դրամ: Իսկ թե կոնկրետ ինչից է նա շահաբաժին ստացել, գաղտնի է պահվում եւ չի հրապարակվում:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԵԿՆԵԼ Է
ԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը մեկնել է Մոսկվա: «Իմ այցն այստեղ հետախուզություն է: Ընտանիքիս թաքցրել եմ հուսալի վայրում, իսկ ինքս եկել եմ, տեսնեմ՝ արդյոք ամեն բան կարգին է: Հույս ունեմ՝ այո՛: Մենք ուզում ենք ապրել Ռուսաստանում, որովհետեւ մենք ռուս ենք, եւ մեզ այստեղ դուր է գալիս»,-հայտարարել է գործարարը: Հիշեցնենք, որ նրա անունը կապվում է «ԲՈՌՆ» ազգայնական կառույցի հետ:

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ
Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչպես նաեւ ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ Կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը 2016թ-ի հունվարից անխուսափելիորեն կհանգեցնեն Երեւանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն: Քաղաքային տրանսպորտի հետ կապված հարցերի քննարկման համար ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն հուլիսի 17-ին, ժամը 11:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի (Աբովյան 2) մամլո սրահում կազմակերպում է կլոր սեղան-քննարկում եւ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին:

 

ՆՈՐ ԿԱԶՄՈՎ
«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել շարժման խորհրդի ստեղծման մասին, որից տեղեկանում ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում քննարկման եւ հաստատման համար խորհուրդը քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, կանոնադրությունը եւ գործողությունների ծրագիրը:

 

ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆ
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ցանկացած ժողովրդավարության եւ պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը եւ սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը: Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված սահմանադրության նախագծին»:

 

ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին երեկ ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Վերջինս նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը: «Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջեւ փորձի եւ գիտելիքների փոխանակման նպատակով»,- նշել է վրաց ՊՆ նախարարը:

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադա է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Պորոշենկոն խորհրդարանում հայտարարել է, թե նախագիծը Դոնբասի որոշ շրջաններին ընդամենն ընձեռում է տեղական ինքնակառավարման հատուկ կարգի հնարավորություն, որը պետք է կարգավորվի առանձին օրենքով: Պատգամավորները նախագիծն ուղարկել են Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու ակնկալիքով:




Լրահոս