ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԻ ՈՒ ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐԻ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դիվանագիտական նամակագրության արխիվից «Վիկիլիքսի» միջոցով սպրդած սույն զեկուցագիրը պատմում է 2006թ. սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին: Կողմերը քննարկել են Հայաստանում ծավալվող իրադարձությունները՝ շեշտելով ընտրությունների՝ արդար ու թափանցիկ անցկացման անհրաժեշտությունը: Թեեւ զրույցը տեղի է ունեցել բավականին վաղ, սակայն քննարկվող հիմնախնդիրների եւ դրանց հանդեպ Սերժ Սարգսյանի մոտեցումների տեսանկյունից, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն անդադրում քննադատում է ընդդիմությանը կառուցողական լինելու համար եւ ակնարկներ անում իր ենթակայության ներքո գտնվող բանդաների մասին:

Էվանսը հայտնում է, որ ժողովրդավարության թեմայով իր բարձրացրած հարցերը կապված են եղել առաջին հերթին ընտրությունների թափանցիկության ապահովման հետ: Նկատի առնելով Սերժ Սարգսյանի դերակատարությունն իբրեւ կառավարող կուսակցության (ՀՀԿ-ի) բարձրագույն ներկայացուցիչ՝ դիվանագետը կարեւորել է նախորդ ընտրությունների համեմատ առաջընթացի անհրաժեշտությունը: Դրան համաձայնել է նաեւ Սարգսյանը՝ պնդելով, որ այնժամ նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը «միանշանակորեն հասկանում է արդար ընտրությունների կարեւորությունը»: Հետաքրքիր է, որ Քոչարյանի օրոք տեղի ունեցած ընտրությունները մեկը մյուսից ավելի խայտառակ են անցել, որոնց վերջին ակորդն էլ եղան 2008թ. նախագահական ընտրություններն ու դրանց արդյունքները բողոքարկող քաղաքացիների սառնասիրտ սպանդը: Հաշվի առնելով այդ անհերքելի փաստերը՝ ենթադրում ենք, որ Քոչարյանի, ըստ երեւույթին, նաեւ Սարգսյանի արդար ընտրությունների շուրջ ունեցած պատկերացումը լիովին տարբերվում է իրական ժողովրդավարության ընկալումներից:
Ինչեւէ, Սարգսյանը քննելով ներքաղաքական դրությունը՝ սկսել է բողոքել ընդդիմադիր կուսակցությունների պահվածքից, որոնք, իր բնորոշմամբ, քմահաճ են ու հանդես են բերում անպատասխանատու եւ ապակառուցողական կեցվածք: Ըստ նրա՝ ընդդիմադիրները, բոյկոտելով խորհրդարանի աշխատանքն ու չմասնակցելով սահմանադրական փոփոխությունների գործընթացին, անկարող են գիտակցել, որ քաղաքացիական կարեւորագույն դերակատարություն ունեն՝ անգամ իշխանության մաս չկազմելով: Հետաքրքիր է, որ ընդդիմության դերակատարության կարեւորության մասին խոսում է մի գործիչ, որը երբեւէ ընդդիմադիր չի եղել: Ավելին՝ կոմունիստական վարչակազմից հաջողությամբ դարձել է ՀՀՇ-ի իշխանության առանցքային դերակատարներից մեկը, պալատական հեղաշրջման միջոցով էլ ավելի ամրապնդվել իշխանության աղբյուրի մոտ, իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո տիրացել իշխանության աստիճանակարգության մեջ երկրորդը լինելու կարգավիճակին: Արդեն 2008թ. մարտի 1-ի անզեն քաղաքացիների գնդակահարության հետեւանքով իր ձեռքը կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը՝ Սարգսյանն այսօր էլ հավակնում է երկարաձգել անձնական իշխանավարությունն առնվազն 5 տարով: Ի դեպ, քանի որ ընդդիմությունը չի հասկանում իր իրական առաքելությունը, գուցե այժմ հարմար պահ է, որ Սարգսյանը հրաժարվի իշխանությունից եւ դառնալով ընդդիմության լիդեր՝ վերջապես իրականացնի այդ պատասխանատու գործը: Հատկանշական է, որ ՀՀԿ-ի առաջնորդը ընդգծել է նաեւ առողջ բանավեճի վարման անհրաժեշտությունը: Արդ, ս.թ. փետրվարի 12-ին, երբ Սարգսյանն իր ամբողջ կուսակցությանը մարտի էր նետել՝ ամենացածրորակ արտահայտություններով պատվելով ԲՀԿ-ի ղեկավարին, հավանաբար առաջնորդվում էր հենց վերոհիշյալ «առողջ բանավեճի» կարգակոչով:
Հանդիպման մանրամասները եզրափակելով՝ դեսպան Էվանսը փոխանցում է նաեւ Սերժ Սարգսյանի հետ կապված, իր բնութագրմամբ, մի «ցինիկ» հումորային պատմություն: Սարգսյանը տեղեկացրել է, որ հեռախոսային խոսակցություն է ունեցել հայաստանյան լրագրողներից մեկի հետ, որն իր մասին «անհիմն» մեղադրանքներ է հրապարակած եղել: Սարգսյանը հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս պիտի ինքը վարվեր իր բարի համբավը այդօրինակ կերպով ոտնահարողի հետ: Ըստ այդմ, ի պատասխան այդպիսի անհարիր հրապարակմանը՝ Սարգսյանը կարող էր հաստավիզներ ուղարկել լրագրողի տուն ու պատժել նրան, ինչը, սակայն, դուրս կլիներ բոլոր սահմաններից: Սարգսյանը սույնով, փաստորեն, ակնարկում է, որ իր ենթակայության ներքո գոյություն ունեն հաստավիզների բանդաներ, որոնք կարող են, օրինակ, իր անվան անհարիր շահարկման պարագայում պատժել լրագրողին կամ ցանկացած քաղաքական հակառակորդի:
Հիշեցնենք, որ 2014թ. վերջին մի շարք քաղաքական աղմկոտ բռնարարքներ տեղի ունեցան, որտեղ շոշափվում էր հենց Սերժ Սարգսյանի անունը: Հիմք ընդունելով Սարգսյանի վերը նշված ակնարկները՝ կարող ենք ենթադրել, որ նա տեղյակ է եղել այդ «պատժիչ» գործողություններին, հատկապես, որ մեղավորները չհայտնաբերվեցին կամ մեղմագույն պատժի արժանացան: Ի դեպ, Սարգսյանը քննել է նաեւ դատարան դիմելու տարբերակը ու հանգել այն եզրակացությանը, որ դատարանները կոռումպացված են ու անարդյունավետ, ուստի ինքն իր անվան անազնիվ շահարկման դեմ պայքարելու հարցում անզոր է: Ելնելով այն հանգամանքից, որ սարգսյանական իշխանությունը ցայսօր շարունակում է ապավինել հաստավիզներին ու բանդաներին, ստացվում է, որ դատարանները դեռեւս այն աստիճանի են կոռումպացված, որ անգամ Սերժ Սարգսյանը չի կարող իր բարի համբավը դրանց միջոցով վերականգնել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ Է ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՓԱԿՎՈՒՄ ԼԱՐՍԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

Հայաստանի լրատվական միջոցների լրահոսում պարբերաբար լինում են հրապարակումներ այն մասին, որ Ռուսաստանից Վրաստանի միջոցով Հայաստան եկող ավտոճանապարհի Լարսի հատվածը փակ է: Ընդ որում, պատճառները տարբեր են:

Լարսի ավտոճանապարհը ձմեռային եղանակներին առատ ձյան պատճառով է փակվում, անձրեւից սողանքներ են սկսվում, փակվում է, իսկ առավել տաք եղանակներին ավտոճանապարհը պարբերաբար վերանորոգվում է: Այս պատճառաբանությունները տարիներ շարունակ չեն փոխվել: Սակայն Հայաստանի իշխանությունների որեւէ ներկայացուցիչ մինչ օրս խորությամբ չի ուսումնասիրել, ու չի բարձրաձայնել, թե ինչպե՞ս կարող է նույն ավտոճանապարհը տարվա մեջ մի քանի անգամ տարբեր պատճառներով փակվել: Ինչպե՞ս կարող է Վրաստանն այդքան անտարբեր լինել իր իսկ կոմունիկացիաների նկատմամբ:
Նկատենք, որ այդ ավտոճանապարհի փակման արդյունքում Հայաստանն ուղղակի հայտնվում է շրջափակման մեջ՝ ունենալով արտաքին աշխարհի հետ ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ՝ Իրանով:
Իսկ ինչո՞ւ է վրացական այդ ավտոճանապարհը պարբերաբար «վթարվում»: Թերեւս այս հարցի մեջ քաղաքական երանգ կա: Ինչպես հայտնի է՝ Վրաստանը Ռուսաստանի դաշնության հետ, մեղմ ասած, ջերմ հարաբերություններ չունի եւ այնքան էլ շահագրգռված չէ, որ ավտոճանապարհն անխափան գործի: Այն միայն Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Չի բացառվում, որ Վրաստանն այդ ավտոճանապարհի պարբերաբար փակումով հստակ «մեսիջներ» է ուղարկում Հայաստանին՝ ամեն անգամ նոր պահանջներով: Ու քանի որ դա մեր միակ ավտոճանապարհն է, ՀՀ իշխանությունները ծածուկ կարգավորում են հարցերը, ավտոճանապարհը բացվում է, բայց գլոբալ առումով դարձյալ խնդիրը չի լուծվում: Թե չէ դժվար է պատկերացնել, որ Վրաստանն այնքան սուղ ֆինանսական միջոցներ ունի, որ դժվարանում է այդ ավտոճանապարհի հարցը վերջնականապես կարգավորել կամ այլընտրանքային ուղիներ մտածել:
Տեղեկացնենք, որ ավտոճանապարհի՝ Լարսի հատվածի փակումը շատ գործարարների համար կործանարար նշանակություն ունի, քանի որ բեռնափոխադրումների ընթացքը օրերով դադարում է: Իսկ փոխադրվող ապրանքների մեջ հաճախ կան փչացող ապրանքներ, որոնք ունակ չեն դիմակայելու այդպիսի անակնկալների: Սակայն ՀՀ իշխանությունները, բացի այն արձանագրումից, որ Լարսի ավտոճանպարհը որեւէ պատճառով փակ է, ուրիշ ոչինչ գրեթե չի անում:
Եւ այս իրավիճակում թվում էր, թե ամենաառաջնային հարցը մեզ համար պետք է լինի հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների արագացումը, սակայն դա էլ չի արվում: Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ ավտոճանապարհի աշխատանքները կրիայի դանդաղկոտությամբ են արվում: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը միայն հաճախ խոսում է այդ մասին եւ ոչ ավելին:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ՀՈՒՅՍԸ «ԻԴԵԱԼԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ է

Մինչ մերօրյա մեծահարուստները եկեղեցիներ են կառուցում, դրանց շինարարության եւ օծման համար մեծ գումարներ ծախսում, Հայաստանի սարերում եւ անտառներում գտնվող հնամենի վանքերը քանդվում են: Դրանք հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային հարստությունն են, սակայն կարծես ոչ ոքի չեն պատկանում, որովհետեւ դրանք նորոգելու, պահպանելու համար ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում:

Այդպիսի նշանավոր կոթողներից է Շխմուրադի վանական համալիրը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում: Այն գտնվում է Հախում գետի հովտում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղից 6 կմ հարավ-արեւմուտք: Համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից եւ երկու գավիթներից: Վանական համալիրի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոխրագույն ֆելզիտից,1181թվականին:
Այն գմբեթավոր դահլիճ է՝ ավագ եւ չորս փոքր խորաններով: Եկեղեցու պատերին կան վիմագրություններ, որոնց մեծ մասն արդեն ջնջվել է: Գլխավոր եկեղեցուց ոչ հեռու գտնվում է կիսաքանդ մատուռը՝ խորանիկը, որը, արեւմտյան պատի արձանագրության համաձայն, կառուցվել է 1149թ.: Վանքի պարսպապատից միայն ավերակներ են մնացել: Համալիրի տարածքում կան գեղաքանդակ խաչքարեր, որոնց շարքում է հռչակավոր վարպետ Կիրամի կիսաքանդ խաչքարը:
Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը ահազանգում է Շխմուրադի վանական համալիրի աղետալի վիճակի մասին եւ այն հիմնանորոգելու համար աջակցություն խնդրում: Համայնքի ղեկավարը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ վանական համալիրը գտնվում է Վերին Ծաղկավանի վարչական տարածքում, մշակույթի նախարարության իրավասության ներքո: Նա ասաց, որ վանական համալիրը փլուզման եզրին է: Համայնքապետի խոսքով` Շխմուրադ տանող ճանապարհը վատ վիճակում չէ, վանական համալիրի կողքին նաեւ հին բնակատեղիի ավերակներ կան:
Ա. Ղազարյանի հաշվարկներով՝ Շխմուրադի վանական համալիրի վերանորոգման համար հարկ կլինի ներդնել 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար: Մեր հարցին, թե ումի՞ց է ակնկալում այդ աջակցությունը, գյուղապետը պատասխանեց, որ դիմել են տարբեր ատյանների եւ հույս ունեն, որ համագյուղացի, «Իդեալ» համակարգի սեփականատեր Նորայր Խաչատրյանը մեծապես կօգնի նշանավոր վանական համալիրը փրկելու գործում: Նշենք, որ Նորայր Խաչատրյանի հատկացրած ֆինանսական միջոցներով է կատարվել նաեւ Բերդի տարածաշրջանի Նոր Վարագավանքի հիմնանորոգումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ն. Խաչատրյանը Նոր Վարագավանքի վերանորոգման համար տրամադրել է 1 միլիոն դոլարին համարժեք գումար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս