Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԹՈԽՄԱԽԻ ԵՎ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «մենք արմատապես մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման պրակտիկան, աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը», այնուամենայնիվ, վերջին շրջանում լրագրողները կրկին հայտնվել են տարաբնույթ կիսաքրեական տարրերի ուշադրության կենտրոնում: Մե՛կ սպառնալիք է հնչում՝ ծնոտ կոտրելու մտադրության մասին, մե՛կ էլ հայհոյանք՝ հարց տալու համար:
Իսկ մենք էլ փորձում էինք հավատալ Սերժ Սարգսյանին, որ «հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլեւս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»: Սակայն, ինչպես միշտ, Ս. Սարգսյանի խոսքերն ու հայկական իրականությունը միանգամայն տարբեր են. անպատժելիությունն ու ամենաթողությունը շարունակում են թեւածել երկրում: Դրա վերջին վառ վկայությունը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ» պոռթկումն էր «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ:
Իսկ դրանից առաջ սաստիկ ինտելեկտուալ մի գործարար էլ «Ժողովուրդ»-ի լրագրողին ո՛չ ավել, ո՛չ պակաս «պրաստիտուտկա» անվանեց: Եւ դա արեց այն ժամանակ, երբ լրագրողը, պահպանելով էթիկայի բոլոր նորմերը, զանգահարել եւ ճշտում էր, թե գործարար Խաչիկ Խաչատրյանը (Վալենսիայի Խաչիկ, ջրերի Խաչիկ կամ ձվերի Խաչիկ) ինչու է գնացել ՊԵԿ եւ աղմկել: «Մոտ էրկու ամիս առաջ ես իմ «Ռենջ ռովեր»-ով որսի եմ գնացել Ղարաբաղ… հաաաա՜, Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելո՞ւ, ազի՛զ ջան, էդ հարցաքննո՞ւմ ես ինձի, հարց ես տալի՞… Իհարկե տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելո՞ւ: Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,-պաշտոնապես հայտարարեց Խաչիկ Խաչատրյանը:
Նկատեցի՞ք: Առաջին իսկ տպավորությամբ այս մարդը հոգեպես անհավասարակշիռ պահվածք է դրսեւորել: Նա նորմալ, հանգիստ զրուցում է լրագրողի հետ, փորձում բացատրել, թե ինքը նույնիսկ գոռալ չգիտի: Բայց ինչ-որ պահի (հավանաբար հիշելով ճնշված ու դառը անցյալը, ունեցած խնդիրները) զայրանում է եւ կոպիտ վիրավորական արտահայտությամբ որակում լրագրողին: Իսկ թե զրուցակիցներից ով է «պրաստիտուտկան», կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա: Առավել եւս, որ այս շրջանում որքան հետաքրքրվեցինք Խաչիկ Խաչատրյանի անձով, որեւէ դրական խոսք չլսեցինք:
Տեղեկացնենք, որ չնայած կուտակած հարստությանը, որի համար պարտական է նախեւառաջ ռուսական մի շարք գործարարների,  «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&S» կահույքի խանութների ցանցի, Սեւանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մեր երկրի համար «մատը մատին չի տվել»: Որքան փորձեցինք պարզել, թե ինչ ավանդ ունի մեր երկրի կայացման գործում, արցախյան պատերազմի մեջ, ոչինչ չստացվեց: Բայց, չնայած դրան, Խաչիկը հայաստանյան գործարար էլիտայի ներկայացուցիչ է այսօր, իրեն իրավունք է վերապահում խոսել իրավունքի դիրքերից՝ մեր երկրի հիմնադիրներին մղելով հետին պլան: Թե որ արժանիքների համար, դեռ կպարզենք:

Աբրա՛մ ջան, սիրուն չէ
Իսկ մինչ այդ, արդեն մեկ շաբաթ է, ինչ «Ժողովուրդ»-ը դիմում է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության տեսչություն՝ ընդամենը մեկ հասարակ հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով՝ ե՞րբ են տուգանել «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ին եւ որքա՞ն: Պարզվում է, որ նույնիսկ նման հասարակ հարցին պատասխանելը բավական դժվար գործընթաց է, հավանաբար գործ ունենք պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գաղտնի տեղեկատվության հետ:
Այնտեղ գործում են ավանդական տարբերակները. նախ ասվում է, որ տեսչության պետը Մոսկվայում է, եւ առանց նրա որեւէ պատասխան տալ հնարավոր չէ: Տեսչության պետն էլ «ընտրակեղծիքների ազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող», ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանն է, որը, ի վերջո, վերադարձավ Մոսկվայից: Բայց, պարզվում է, որ Բախչագուլյանը լինի Հայաստանում, թե Ռուսաստանում՝ մեզ համար դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ եղած ժամանակ էլ չեղածի հաշիվ է, այսինքն՝ պատասխանն այդպես էլ չի լինում: Տեսչության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը ստիպված ասում է, որ իրենք հրաժարվում են տեղեկություն տրամադրել՝ առանց որեւէ հիմնավորման: Իհարկե, պետք չէ մեղադրել խոսնակին, քանի որ, ինչպես Բախչագուլյանի կուսակցության նախագահն է ասում՝ ձուկը գլխից պետք է բռնել, իսկ տեսչությունում գլուխը ինքը՝ Բախչագուլյանն է:
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 27-ին տեսչության պաշտոնական կայքում հրապարակվել էր, որ «ԵԹՖ ԲԲԸ-ի կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարալուծվում է), առկա է հոտ, որը բնորոշ չէ թարմ ձվին»: Այս բացահայտումից հետո գործադիր մարմինը նախազգուշացրել է ՀՀ քաղաքացիներին, որպեսզի «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-յի հին ձվերը չգնեն:  Իսկ թե դրանից առաջ քանի անգամ են 300-հազարական դրամով տուգանել ԵԹՖ-ին եւ ինչի համար, Բախչագուլյանը անամոթաբար թաքցրեց: Ու մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ է կատարվել այս մեկ շաբաթվա ընթացքում: Միգուցե ՀՀԿ-ական երիտասարդ չինովնիկը «լեզո՞ւ է գտել» գործարար Խաչիկի հետ, ինչը, ի դեպ, ՀՀԿ-ականների մոտ լավ է ստացվում՝ հաշվի առնելով ՀՀԿ-գործարար, ՀՀԿ-օլիգարխ ջերմ հարաբերությունները եւ միմյանց հետ միաձուլումն ու սերտաճումը:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ «պրաստիտուտկա» բառի ստուգաբանությունը մոտիկից ուսումնասիրած այս գործարարն արդեն 10 օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթից հրապարակային ներողություն չի խնդրել: Մենք համբերատար սպասեցինք, որ նա կցուցաբերի եթե ոչ տղամարդկություն, ապա գոնե քաղաքավարություն ու ներողություն կխնդրի երիտասարդ լրագրողուհուն արված վիրավորական արտահայտության համար: Բայց ավաղ: Պարզվում է՝ «Ժողովուրդ»-ն ավելի լավ կարծիքի էր Խաչիկի մասին, քան ինքը՝ իր: Հետեւաբար, այսօր պաշտոնապես հայտարարում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացնելու Խաչիկ Խաչատրյանի դեմ՝ նրանից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել «Ժողովուրդ»-ից եւ լրագրող Ս. Գրիգորյանից:

«Ժողովուրդ»




Լրահոս