Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները, հյուրընկալ ընտանիքներում ծանոթացել են ազգային սովորույթներին, նիստուկացին: Այս ծրագիրը համահայկական ծրագիր է, որովհետև մասնակցում են երեխաներ աշխարհի բոլոր կետերից: Հավատում եմ, որ անկրկնելի ժամանակ կանցկացնեք, շատ ընկերներ ձեռք կբերեք: Հավատում եմ, որ այս օրերը կդառնան ձեր կյանքի լավագույն, անմոռանալի երկու շաբաթը, և դուք  կկարոտեք Հայաստանը, կմտածեք վերադառնալու մասին: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ակտիվ, ջերմ, ուրախ օրեր Հայաստանում: Մենք ձեզ սիրում ենք և միշտ ձեզ հետ ենք լինելու այս օրերի ընթացքում»:

Նախարարը՝ ավանդույթի համաձայն, «Արի տան» շապիկ հագցրեց ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ Սիրիայից նոր տեղափոխված՝ Հալեպի «Կարեն Եփփե» վարժարանի սան, 13 ամյա հակոբ Թորոսյանին:

«Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի մասնակիցներին ողջունեց նաև Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության նրա  կատարումը բուռն ծափերի արժանացավ:

Ելույթ ունեցավ միջազգային մրցույթի դափնեկիր «Երևան» համույթը: Ազգային երաժշտության հնչյունների ներքո արիտունցիներն ուրախ շուրջպար բռնեցին:

«Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլին մասնակցում է 13-18 տարեկան 160 երիտասարդ աշխարհի  7 երկրից՝ ՌԴ-ից, Վրաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից և Սիրիայից:




Լրահոս