«ՌԵՄԻՔՍ» ԴԱՏ՝ ԱՌԱՆՑ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տասնյակից ավելի նախնական դատական նիստերից հետո երեկ՝ դեկտեմբերի 21-ին, վերջապես ընթերցել է Գուրգեն Աղաջանյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ֆանտաստիկ արագությամբ հետազոտել գործում առկա ապացույցները:
Այս մասին հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի շահերը ներկայացնող Արգամ Նազանյանը, որը, չնայած դատարանում էր եղել, սակայն դատավորի գրասենյակից ոչ ոք չէր տեղեկացրել նիստը սկսելու մասին (արդյունքում «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի բացակայությամբ դատավորը նիստ է արել): Ու չնայած դատարանը (նույնիսկ մենք) համբերությամբ, 10 նիստ շարունակ սպասել էր գործով որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանին, սակայն չէր ցանկացել գոնե մեկ անգամ ավելի ուշադիր լինել պատասխանող կողմի նկատմամբ. հենց վերջինս «աչքը թեքել էր», դատավորը մտել էր դահլիճ, «ռեմիքս» տարբերակով Գ. Աղաջանյանի հայցը կարդացել եւ դատաքննությունն ավարտված համարելով՝ միանգամից հայտարարել վճռի հրապարակման օրը:
Հունվարի 8-ին՝ ժամը 17-ին, դատավոր Արայիկ Մելքումյանը կասի՝ Գուրգեն Աղաջանյանը Կարինե Կիրակոսյանի փոխարեն իրավունք ունե՞ր վիրավորվելու «Ժողովուրդ»-ից, եւ եթե հանկարծ որոշի, որ ուներ, պետք է հիմնավորի նաեւ, թե ինչ խորհրդավոր կապ կա Գուրգենի եւ Կարինեի միջեւ:
Հիշեցնենք, որ հայցվոր Գ. Աղաջանյանը թերթից պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, փոխհատուցել զրպարտության եւ դրա հետեւանքով կրած վնասները 800 հազար դրամի չափով: Գ. Աղաջանյանը վիրավորվել էր այն հրապարակումից, որի մեջ «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերումներ էր կատարել նշյալ անուն-ազգանունով անձի՝ խմբագրությանը հասցեագրված մի նամակից, որտեղ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին եւ պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանին մեղադրանքներ էին ուղղված: Գ. Աղաջանյանը վիրավորվել էր թերթում հրապարակված հետեւյալ արտահայտություններից՝ «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք», «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, «գիտնական», կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ»: Հիշեցնենք նաեւ, որ նշված բոլոր որակումները նամակի բովանդակությունն են:
Ու թեեւ թերթը նամակում առկա փաստերը պարզելու համար լսել էր նաեւ Կարինե Կիրակոսյանի մեկնաբանությունը եւ հրապարակել, սակայն վերջինիս փոխարեն Գ. Աղաջանյանն էր վիրավորվել: Հետաքրքիր է՝ դատարանը դատաքննությունը «ռեմիքսելիս», ի վերջո, գտե՞լ էր Կարինե Կիրակոսյանին, ում բնակության վայրը երկար ժամանակ գտնել չէր հաջողվում, թե՞ հետագայում «Ժողովուրդ»-ը ստիպված է լինելու դիմել դատարան՝ նրա «անհայտ բացակայության» փաստը հաստատելու եւ վճիռը բեկանելու համար: Այլ կերպ ասած, եթե այդպիսի մարդ չկա, ուրեմն նրա փոխարեն ո՛չ Բայանդուրը եւ ո՛չ էլ Գուրգենը չէին կարող վիրավորվել:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս