Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը 2015 թվականի հուլիսի 15-18-ը աշխատանքային այցով գտնվել է Վրաստանում: Այցելության նպատակն էր ծանոթանալ Վրաստանում ներդրված պրոբացիոն ծառայության գործունեությանը և մասնակցել PRI միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառումը Հարավային Կովկասում» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսին:
Արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի աշխատակիցներին է ներկայացվել պրոբացիայի ինստիտուտի ներդրման վրացական փորձը, պատվիրակության անդամների համար այցելություն է կազմակերպվել ազատազրկված անձանց համար նախատեսված վերականգնողական հիմնարկ: Հայկական կողմը շրջայց է կատարել հիմնարկում, ծանոթացել դրա գործունեությանն ու պայմաններին:
«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառումը Հարավային Կովկասում» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցել են ինչպես Հայաստանի ու Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակությունները: Կոնֆերանսին արդարադատության նախարարության ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով: