«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստորեն, Սերժ Սարգսյանը «պայքարելու» է ինքն իր դեմ, քանի որ բոլորը հերթով, կարելի է ասել, բոյկոտում են նախագահական ընտրությունները: Հերթական բոյկոտողը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն էր, որն իր չառաջադրվելու մասին հայտնեց երեկ` «Հանրապետության» 6-րդ նստաշրջանում ունեցած ելույթում: Նա գալիք նախագահական ընտրությունները բնութագրեց որպես իշխանության համար խրախճանք, «այլընտրանք ձեւակերպմամբ միավորման համար»՝ լաբիրինթոս, որից դուրս գալու կծիկը նրանք չունեն, իսկ «տիտղոսային ընդդիմության» համար՝ Հայաստանի վերջ:
Նշենք, որ մինչ համագումարը սկսելը Արամ Սարգսյանը խիստ անտրամադիր էր եւ նույնիսկ զայրացավ լրագրողների վրա, սակայն քիչ անց կարողացավ իրեն զսպել եւ ընդունել հավասարակշռված կեցվածք: Չենք կարող ասել, թե որքանով կարող էր տրամադրության այս անկումը կապ ունենալ Ա. Սարգսյանի ընդունած որոշման հետ (որի մասին քիչ անց պետք է հայտարարեր), բայց իր ելույթից հետո մեկ այլ զրույցի ժամանակ նա այսպես ձեւակերպեց իր չառաջադրվելու պատճառը. «Ես չեմ ուզում լրացնել պարտվողների մի ամբողջ շարք, էդ իմը չի, ես հաղթող եմ»: Նա ավելացրեց, որ այդ  որոշումը ոչ մի կապ չունի իր՝ վերջերս ԱՄՆ կատարած այցի հետ, նաեւ հերքեց իշխանությունների հետ իր հնարավոր համագործակցության եւ «երաժշտական գործիքների» շարքը լրացնելու մասին բոլոր խոսակցությունները՝ իշխանություններին տալով կոշտ որակումներ:
Ի դեպ, իր ելույթում Ա. Սարգսյանը ՀՀ քաղաքական դաշտի դեգրադացման համար առաջին հերթին մեղադրեց իշխանություններին՝ չմոռանալով նաեւ ակնարկել «գեղամյան» տեսակի գործոնը, որին դեռ երեկ դավաճան էին անվանում, իսկ այսօր այցելում են նրա գրքի շնորհանդեսին: Եթե հավատանք բոլոր այս խոսքերին, ստացվում է, որ Ա. Սարգսյանը պարզապես ճիշտ հաշվարկներ է կատարել, բայց եթե ուզում է միայն հաղթողի դերում լինել, ե՞րբ պետք է լինի այդ հաղթանակը: «Հանրապետության» նախագահն այս մասին էլ է մտածել. փետրվարի 19-ից հետո իրենք կսկսեն պայքարը` աշխատելով նախեւառաջ ժողովրդի գիտակցության վրա, քանի որ, Սարգսյանի խոսքով, փոփոխությունների համար նախ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, ինչն առայժմ այդպես չէ: Այս գործընթացում Ա. Սարգսյանն իրեն եւ իր կուսակցությունը միայնակ չի տեսնում եւ պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կապ չունեն հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հետ: Բնականաբար, այդ ուժերի մեջ չի կարող լինել ԲՀԿ-ն, ում Ա. Սարգսյանը համարում է մարտի 1-ի դեպքերի անմիջական մեղավորներից:
Համագործակցության այս հեռանկարների հետ կապված՝ թերեւս նշենք նաեւ, որ համագումարին ներկա էին նաեւ Դավիթ Շահնազարյանը, «Ժառանգություն»-ից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀՇ եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախկին անդամ Արարատ Զուրաբյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ՀԺԿ-ից՝ Գրիգոր Հարությունյանը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունից՝ Սոս Գիմիշյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից՝ Պետրոս Մակեյանը, «Նոր ժամանակներ»-ից՝ Արամ Կարապետյանը:
ՀԱԿ-ը ներկայացնող ուժերի հետ կրկին սերտ համագործակցության հնարավորության մասին «Ժողովուրդ»-ի հարցին Ա. Սարգսյանը համագումարից առաջ, երբ դեռ «անտրամադիր էր», չտվեց սպառիչ պատասխան՝ անդրադառնալով միայն ԲՀԿ-ի հետ համագործակցության՝ իր համար անթույլատրելիությանը: Սարգսյանը, իհարկե, անտեսեց «Ժողովուրդ»-ի հարցի այն մասը, որտեղ ասվում էր, որ եթե ՀԱԿ-ից հեռանալու պատճառը Կոնգրեսի համագործակցության փորձերն էին ԲՀԿ-ի հետ, ապա այսօր կարծես թե էլ նման խնդիր չկա, այդ դեպքում ի՞նչն է խանգարում Ա. Սարգսյանին կրկին միանալ ՀԱԿ-ին: Հարցի երկրորդ մասի պատասխանից Ա. Սարգսյանը վարպետորեն խուսափեց:
Ինչեւէ, ինչպես հասկացանք դեռ մինչ համագումարը սկսելը, Ա. Սարգսյանին դուր չէին եկել լրագրողների հարցերը, որոնք նա բնութագրել էր «ագրեսիվ»՝ չնայած հարցերի մեջ ագրեսիվության տարրեր չկային, ի տարբերություն Ա. Սարգսյանի նման ռեակցիայի: Իսկ հարցերից մեկն էլ կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի՝ համագումարին մասնակցել-չմասնակցելու մասին էր, ինչն առանձնապես դուր չեկավ Ա. Սարգսյանին:
Բայց Այվազյանը, այնուամենայնիվ, եկավ, զրուցեց լրագրողների հետ, հաստատեց, որ արդեն 8 ամիս է՝ կուսակցական գործունեության մեջ, մեղմ ասած, ակտիվություն չի ցուցաբերում, եւ որ կան տարաձայնություններ, որոնց մասին չի ուզում բարձրաձայնել: Տեղեկացնենք, որ Այվազյանն իր թեկնածությունը չառաջադրեց եւ չվերընտրվեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ:
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Արամ Սարգսյանի որոշումը ճիշտ համարեց, իսկ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն էլ նշեց, որ իր ասելիքը տարեվերջին կասի:
Մնում է սպասենք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնական որոշումներին: Եթե նույն տրամաբանությամբ նրանք էլ չառաջադրվեն, ապա կստացվի ամբողջական բոյկոտ, եւ կկարողանանք ասել, որ նախագահական ընտրություններ` որպես այդպիսին, չեն լինի, ինչը այնքան էլ շահեկան չէ իշխանությունների համար: Բայց… կա մի բայց՝ Սերժ Սարգսյանը, ամեն դեպքում, «մրցակիցներ» կունենա: Եւ այստեղ է, որ կրկին առաջ է գալիս հարցը. որտեղի՞ց հայտնվեցին եւ ո՞ւմ են պետք քաղաքական  ծաղրածուները:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս