ԻՆՉՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ Է ՊԵՏՔ ԱՄԱՆՈՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին հաշվված օրեր են մնացել: Մարդիկ, առօրյա հոգսերի բեռի տակ կքած, սկսել են նաեւ ամանորյա գնումներ կատարել: Գրեթե բոլոր խանութները մարդաշատ են:

ՀԱՐՑ. Ինչքա՞ն գումար է պետք ամանորյա տոնակատարությունները լիարժեք տոնելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր ընտանիքում ավանդույթ է ձեւավորվել Նոր տարին անցկացնել Ծաղկաձորի  գրողների հանգստյան տանը, եւ այս տարի էլ այն անցկացնելու եմ այնտեղ: Որպես այդպիսին՝ ծախս չենք անում, բացի փոքրիկ հուշանվերներից, կանանց համար նախատեսված նվերներից: Եւ այդ հուշանվերների համար այնքան փոքրիկ ծախսեր են, որոնց մասին անհարմար է խոսել անգամ: Նախ ասեմ, որ ես մինչ Սուրբ Ծնունդը պաս եմ պահում, եւ պետք է վերջ տանք սեղանից սեղան անցնելու մեր ծանր սովորությանը եւ դադարեցնենք շատակերությունը: Կրկնում եմ, ես գծուծ չեմ, բայց ավելորդ ծախսեր էլ չեմ անում:

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագետների միության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ արգելված է մեր տանը զբաղվել տոնական հանդիսական արարողությամբ, այդ ամենով զբաղվում են կինս եւ աղջիկս: Նախ պետք է ասեմ, որ ճոխ տոնական պատրաստվածությունն ինձ համար չէ: Մի բան կարելի է Ձեզ խորհուրդ տալ. այդ հարցը տվե՛ք Սերժ Սարգսյանին եւ երբ իմանաք, թե նա ինչքան է ծախսում, դրան համեմատական պատասխան էլ ես Ձեզ կտամ:

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարքսիստական կուսակցության
նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմնականում ծախսում ենք չարազի եւ մրգի վրա, բայց պետք է ասեմ, որ այդ ուրախությունը չպետք է տեսնել սեղանի մեջ: Գիտեք, այդպես չենք դնում հաշվում, թե, ենթադրենք, ինչքան գումար ծախսեցինք: Մեր բախտը բերել է, քանի որ մենք ունենք ամառանոց եւ ունենք ընկույզ, չարազեղեն, եւ մեր ծախսն այդքան շատ չի լինում: Դե ամուսինս ինչքան որ իր մոտ լինում է, այդքան էլ ծախսում է: Օրինակ՝ ես կարող եմ 150 000 դրամով լավ Նոր տարի կազմակերպել:

 ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, այդ մասին մայրիկիս պետք է հարցնեք, քանի որ ես առեւտրով չեմ զբաղվում, բայց մոտավորապես մի 250 000 դրամից սկսվում է այդ ծախսերի շարքը: Բայց մի բան էլ պետք է ասեմ, որ ուտեստների նկատմամբ այդքան մեծ հետաքրքրություն չունեմ, եւ ինձ համար Նոր տարվա ամենալավ ուտեստը հունվարի 1-ի ապուրն  է:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
շարունակելի




Լրահոս