ՀԱՆՈՒՆ ՀՅԴ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում խորհրդի անդամներից 11-ն իրենց ձայնը տվել են քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանին, իսկ 8-ը՝ մյուս թեկնածուին՝ «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանին: Երրորդ թեկնածուն քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանն է եղել, որը կտրվել է բանավոր քննությունից: Ուշագրավն այն է, որ Աննա Մնացականյանը ՀՅԴ-ական Ալվարդ Պետրոսյանի հարսն է, ասել է թե՝ այդ աթոռը դարձել է ժառանգական՝ քոլեջի ներսում ստեղծելով լարված մթնոլորտ: «Ժողովուրդ»-ն այս խնդրի շուրջ զրուցեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
-Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ի՞նչ եք պատրաստվում անել:
-Աննա Մնացականյանը նշանակվել է իմ կողմից ժամանակավոր պաշտոնակատար, որը մյուս երկու թեկնածուների հետ միասին մասնակցել է ուսումնարանի տնօրենի պաշտոնի համար կազմակերպված մրցույթին: Բողոքողների շահերը ներկայացնող մեկ այլ թեկնածու կտրվել է քննություններից, ինչի արդյունքում բողոքարկում է տեղի ունեցել, հանձնաժողովը բողոքարկման դիմումը վերցրել է, եւ այդ դիմումի հիման վրա կազմվել է համապատասխան հանձնաժողով` ուսումնասիրելու մրցության ամբողջ ընթացքը, եւ ըստ արդյունքների՝ կկատարվի համապատասխան որոշում:
-Ձեր կարծիքով՝ մրցույթն անցել է թափանցիկ եւ արդա՞ր:
-Եթե մենք ուսումնասիրենք, որ այդ մրցույթն անցել է կանոնների համապատասխան, եւ այդ մասին, ի դեպ, վկայում էին լրատվական միջոցների ներկայացուցիչները, որոնք այդ օրը լուսաբանել են մրցույթի գործընթացը, ապա ես պետք է այս ամենից հետո կատարեմ օրենքով վերապահված իմ լիազորությունները եւ թեկնածուներից մեկին տնօրեն նշանակեմ:
-Ուսումնարանի ուսանողները նշում են, որ Ալվարդ Պետրոսյանը տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցելու գործիք է դարձրել: Միգուցե Ա. Պետրոսյանի գործոնը կա այստեղ, եւ չե՞ք ցանկանում դեմ գնալ նրա հարսին՝ Ա. Մնացականյանին, տնօրեն նշանակելու որոշմանը:
-Մեզ համար կարեւոր չէ այս կամ այն թեկնածուի բարեկամական կապը:
-Ըստ ուսանողների` Ա. Մնացականյանը նշում է, որ արվեստի հետ կապ չունի եւ մասնագիտությամբ ծրագրավորող է ու չի կարողանում ճիշտ գնահատել այս կամ այն արվեստի գործը:
-Մեզ համար կարեւոր է կառավարչական հմտություններով օժտված համապատասխան իր ունակությունները հաստատած, մի խոսքով պրոֆեսիոնալ կառավարիչ: Սա է մեր հիմնական պահանջը եւ խնդիրը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս