ՈՉԻՆՉ ՉԽՆԱՅԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերջին երկու ոստիկանապետերի օրոք ոստիկանության գործունեության լուսաբանման ուղղությամբ վարվում է «գովազդային քաղաքականություն», երբ ոստիկանությանը նվիրված տեսահոլովակներ են նկարահանվում, երգեր գրվում, ամեն տարի նոր համազգեստ կարում՝ ներկայացնելով այս գերատեսչության գործունեությունը բացառապես դրական գույներով: Մինչդեռ իրական կյանքում քաղաքացին պետական այս մարմնի հետ շփումներում տեսնում է գովազդի կեղծ լինելը՝ չնայած ամեն տարի վերոնշյալ ոլորտին ուղղված ֆինանսական հոսքերի ավելացմանը: Այսպես, 2011թ. պետական բյուջեից ոստիկանության գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է 24,7 մլրդ դրամ:
2010թ. համեմատ վերոհիշյալ հատկացումն արձանագրել է 5 տոկոս աճ՝ կազմելով 1,1 մլրդ դրամ: Ի դեպ, հաշվետու տարում նախատեսված հատկացումների ֆինանսավորումը կատարվել է ամբողջությամբ՝ ապահովելով 99,9% արդյունք: Ինչպես տեսնում ենք, ոստիկանության գործունեությունը լավագույնս ապահովելու նպատակով պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը նկատելիորեն բարձրացել է՝ ի հեճուկս մյուս բնագավառների, որտեղ ֆինանսավորումն ակնհայտորեն նվազեցվել է՝ նախորդ տարվա համեմատ: Թեպետ կարելի է հասկանալ, որ բյուջեի միջոցներն անսահմանափակ չեն, բայց, իհարկե, «ատկատների» ու ստվերի կրճատումը կարող է նպաստել իրավիճակի շեշտակի փոփոխությանը:
ՀՀ ոստիկանության 2011թ. տարեկան հաշվետվությունից պարզվում է, որ վերոնշյալ հատկացումների հիմնական մասը (մոտ 95,7% կամ 23,6 մլրդ դրամ) բաժին է ընկնում ոստիկանության պահպանման ծախսերին: Վերջինները նախատեսվել են ոստիկանության զորքերի վերակազմավորման ծրագրով 2011թ.-ին շարքային կազմի պայմանագրային զինծառայողների թվաքանակի աճով պայմանավորված աշխատավարձի, ինչպես եւ ոստիկանության առանձին ստորաբաժանումների ծառայողների քաղաքացիական հատուկ ծառայության անցմամբ պայմանավորված հարկերի գծով լրացուցիչ ծախսերի ֆինանսավորումն ապահովելու համար: Ստորեւ անդրադառնանք նաեւ ոստիկանության՝ պետբյուջեի հատկացումների շնորհիվ արված մի շարք այլ ծախսերի, որոնցում հիմնականում պահպանվել են նախորդ տարվա չափերը:
Վերոհիշյալ ծախսերի համատեքստում ոստիկանության տարեկան կատարողականում առանձնացվում է երկու ծրագիր՝ «Ավտոպետհամարանիշների ձեռքբերում» եւ «ՀՀ անձնագրերի բլանկների տպագրություն»: Այսպես, առաջին ծրագրի շրջանակներում պետական բյուջեից ծախսվել է 236,2 մլն դրամ, իսկ ահա երկրորդի ուղղությամբ՝ 172,1 մլն դրամ: Այսօրինակ ծրագրերից հարկ ենք համարում նաեւ հիշատակել «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագիրը, որի ուղղությամբ կատարված ֆինանսական հոսքերը կազմում են մոտ 82,3 մլն դրամ, իսկ «Բարձրագույն մասնագիտական կրթություն» ծրագրի համար ծախսված գումարի չափը հասնում է 577,3 մլն դրամի, որի մեջ են ներառված նաեւ կրթաթոշակները: Տարեկան հաշվետվության այս հատվածը ավարտվում է նրանով, որ դրա կազմողները վերահաստատում են, թե վերոնշյալ ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարումն ամբողջությամբ ապահովվել է: Ինչ խոսք, ողջունելի է, որ ոստիկանությունն իր առաջ դրած խնդիրները եւ դրանց արդյունքում առանձնացված միջոցառումները կատարել է ամբողջությամբ, սակայն բաց է մնում այն հարցը, թե կոնկրետ ինչպիսի միջոցառումների մասին է խոսքը: Վերջապես, տարեկան զեկույցում կարելի էր չծուլանալ եւ մանրամասնորեն ներկայացնել այդ միջոցառումները, դրանց կատարման ընթացքն ու արդյունքները: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի ներկայացնել տարեկան կատարողական, երբ մանրամասնությունները բացասված են, իսկ պնդումները՝ ընդհանրական:
Ի դեպ, միաժամանակ պարզվում է, որ նշված ծրագրերից զատ, հաշվետու տարվա ընթացքում հանրապետությունում անցկացված տարբեր տեղական ինքնակառավարման ընտրությունների, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելությունների, դատարան տրվող հայցադիմումների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը լրացուցիչ հատկացվել է եւս 40,8 մլն դրամ: Դե իհարկե, ընտրությունների անվտանգությունը եւ թափանցիկությունն ապահովող հիմնական այս գերատեսչությանը կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ գումարներ չտրամադրելը կլիներ խիստ անարդար: Վերջապես, չէ՞ որ տարեցտարի ընտրությունների որակը «բարելավվում» է, իսկ քաղաքացիները «չափազանց գոհ են ընտրական գործընթացների թափանցիկությունից ու հանդարտ ընթացքից»: Դրանում չնկատել ՀՀ ոստիկանության ահռելի ներդրումը՝ ուղղակի չարամտություն է: Դրա համար պետք է փայփայել մեր ոստիկաններին, չբավարարվելով պետական հատկացումներով՝ պահուստային ֆոնդից եւս հավելյալ միջոցներ տրամադրել այս գերատեսչությանը՝ երկիրն ավելի անվտանգ եւ ապահով դարձնելու համար: Հենց այստեղից էլ երեւի վերցրել են «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը… եւ վերջ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս