Խորհրդային Միության տարիներին Կիրովականում գործում էին բազմաթիվ գրադարաններ: Գրադարաններ ունեին նույնիսկ գործարանները: 1988թ.-ի երկրաշարժից հետո դրանցից որոշները փակվեցին, քանի որ տեղակայված էին վթարային շենքերում, մյուսներն էլ` գործարանների փակման պատճառով: Այսօր Վանաձորում գործում են 9 գրադարաններ, որոնցից 8-ը Քաղաքապետարանի ենթակայության տակ են, ունեն 60 աշխատող: Այդ գրադարանները մինչ օրս անմխիթար վիճակում են: Երբեւէ չեն վերանորոգվել, ամենուր խոնավահոտ է, բացակայում է ջեռուցումը: «Ընթերցասրահ» ասվածը պարզապես գոյություն չունի: Գրադարանների աշխատակիցների աշխատանքը, հատկապես ձմեռային սեզոնին, իսկական հերոսություն է: Փայտի վառարանները կամ էլեկտրական սալիկները մի կերպ են տաքացնում մարդկանց, իսկ թե ինչ է կատարվում գրապահոցների հետ, ավելորդ է նշելն անգամ: Վանաձորի քաղաքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը խոստովանում է, որ այս ուղղությամբ աշխատանք իսկապես չի արվել, սակայն վերջինս ունի արդարացում. «Կային առաջնահերթ խնդիրներ, նախակրթական ուսումնական հաստատությունների վիճակն ավելի վատթար էր: Համայնքային բյուջեի միջոցները ծառայել են դրանք բարեկարգելու գործին»: Աղաբաբյանը վստահեցնում է, որ եթե նույնիսկ այս տարի չստացվի, ապա «եկող տարի գրադարաններին ավելի մեծ ուշադրություն կդարձվի»: Վանաձորի գրադարաններն այսօր ունեն 300 հազար կտոր գիրք, որոնց գերակշիռ մասը վաղուց չի թարմացվել. «Գրականության մի մասը ձեռքից ձեռք շատ է անցել: Մաշվածները հնարավորինս վերանորոգվել ու վերակազմվել են: ԽՍՀՄ տարիներին նախարարության պատվերով գրադարանները հրատարակչություններից ստանում էին գրքեր, այսօր իրենք են ստիպված հայթայթել»-նշում է ՎՔ կրթության եւ մշակույթի բաժնի պետը: Ընդհանուր գրադարանային համակարգից Լոռու մարզային գրադարանն առանձնացել է 1998 թ-ին: Այն այսօր գտնվում է Մշակույթի նախարարության ենթակայության տակ, ունի 400 հազար կտոր գրականություն: Այն մի քանի տարի է, ինչ վերանորոգված է, սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Գրադարանի մանկական բաժինը, որը գործում է Վանաձորի Տիգրան Մեծի 24 հասցեում, անմխիթար վիճակում է. «Վերանորոգում չկա, ջեռուցում չկա, չենք կարողանում նույնիսկ ծրագրեր մշակել, քանի որ ցրտի պատճառով համակարգիչները չեն միանում, նույնիսկ աշխատաժամերն ենք կրճատել»,- ասում է տիկին Քոչարյանն ու ավելացնում, որ բաժինը գործում է աշխատակիցների հերոսական ջանքերի շնորհիվ. «Խոսվում էր այն մասին, որ 2011-ին պետբյուջեի միջոցներով հնարավոր է, որ վերանորոգվի, սակայն, որքանով տեղեկացա Մշակույթի նախարարությունից, այս տարի էլ չի վերանորոգվելու»,- նշում է Անահիտ Քոչարյանը:Ինչեւէ, գրադարանների աշխատակիցներին սպասելուց բացի ոչինչ չի մնում, 23 դաժան տարիների դիմակայած գրքերն ու մարդիկ դեռեւս դիմանում են:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր
ԴԵՌ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ