Եվ այսպես` ըստ ամենայնի, այսօր պետք է հանգուցալուծվի այնքան սպասված քաղաքական ինտրիգը. Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հրապարակի իր որոշումն ու ի վերջո ասի` առաջադրվելու է նախագահական ընտրություններում, թե ոչ: Համենայնդեպս` շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարում նա խոստացել էր որոշումը հրապարակել 1-2 օրից, իսկ այսօր արդեն երրորդ օրն է: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ երբ որեւէ ինտրիգ չափից ավելի է ձգձգվում, վերածվում է հետաքրքրությունը կորցրած ինֆորմացիայի: Դժվար է ասել` միտումնավոր, թե իրենց կամքից անկախ` ոչ իշխանական դաշտի առաջնորդներն այս նախագահական ընտրություններից առաջ ինտրիգն այնքան ձգեցին, որ կարելի է ասել` գրեթե վերջնականապես սպառեցին դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը: Անշուշտ, դրա հիմնական մեղավորը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր, որին հաջողվեց շուրջ վեց ամիս զսպիչ գործոն հանդիսանալ ընդդիմադիր դաշտի զարգացումների համար: Սակայն դրանում ոչ պակաս մեղավոր էր նաեւ հենց նույն ՀԱԿ-ը, որն ինքնակամ կրավորական դեր ստանձնեց եւ արդյունքում մնաց կոտրած տաշտակի առջեւ: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ այսօրվանից սկսվելու է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը, եւ այն, որ մինչեւ այս պահը դեռեւս հայտնի չէ` ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, թե ոչ՝ արդեն իսկ խոսում է այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը անդառնալիորեն հեռացել է համազգային շարժման քաղաքական հավաքականության` երբեմնի հզոր դերակատարությունից: ՀԱԿ-ի նպատակը, հիշեցնենք, իշխանափոխությունն էր` սահմանադրական բոլոր հնարավոր ճանապարհներով: Առջեւում դրա իրականացման ամենասահմանադրական ձեւի կիրառումն է` նախագահական ընտրությունները: Եվ ուրեմն` ինչի՞ն է սպասում Տեր-Պետրոսյանը: Բայց այստեղ շատ կարեւոր է նաեւ այդ որոշման կայացման ընթացքը. այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայ ազգային հռչակված կոնգրեսի ճակատագիրը կախված է լոկ մեկ մարդու անձնական որոշումից, որն ինչքան էլ հարգելի լինի, միեւնույն է` մեկ մարդու անձնական որոշում է, հետեւաբար` խոսել շարժման մասին, արդեն ավելորդ է: Այսօր որեւէ մեկը չի կարող պնդել, որ ՀԱԿ-ում որոշումները կայացվում են ավելի թափանցիկ ու ժողովրդավարական եղանակով, քան, օրինակ, նույն ԲՀԿ-ում: Երկու դեպքում էլ գործ ունենք առաջնորդների միանձնյա որոշումների հետ, որոնք վիճարկելը կուսակցական վերնախավերի կողմից համարվում է դավաճանություն: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ ՀԱԿ-ի հետ առժամանակ ակտիվ հարաբերությունները դադարեցրած եւ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը երեկ նշեց, որ ՀԱԿ-ի ներսում արդեն իսկ իրեն դավաճան են համարում. «Մենք այդ տեսակն ենք, ես այդ տեսակը չեմ կարող փոխել»: Այնինչ` ՀԱԿ-ի պայքարից հիմնական սպասելիքը հենց տեսակի փոփոխությունն էր:
ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ