ԿԱՆԴԱՅԱՆԻ ՀԵՏ ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 2 տարի առաջ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը խառնվեց իրար, որի առիթը եղավ դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի մենահամերգը եւ դրան հաջորդած Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:
Արդար լինելու համար պետք է նշել, որ Բեգլարյանի կողմից ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ապտակելու սկանդալային տեղեկության սկզբնաղբյուրը ֆեյսբուքյան իմ էջում արված գրառումը դարձավ: Իհարկե, այդ օրերին միջադեպի կողմերից որեւէ մեկը չխոսեց ու չմանրամասնեց, թե ինչ է եղել: Եւ ահա 2012-ի դեկտեմբերի 21-ին՝ «աշխարհի վերջին» օրը, ՀՀ տրանսպորտի եւ կապի ներկայիս նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ անակնկալ կերպով համաձայնեց խոսել 2 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մասին:
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

ԲՀԿ-Ի ԽՆԴԻՐ ՉԻ ԵՂԵԼ

-Պարո՛ն Բեգլարյան, Դուք ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ եք, մշտապես՝ շաբաթը մեկ պարբերականությամբ, նիստերի եք մասնակցում: Ի՞նչ է այդքան քննարկում ՀՀԿ-ն, եթե նույնիսկ մրցակից չունի նախագահական ընտրություններում:
-Եթե Ձեզ թվում է, որ Հանրապետական կուսակցությունը, կանգնելով իշխանության գլխին եւ լինելով ամենամեծ քաղաքական ուժը, իր գործադիրի նիստերում քննարկում է միայն ընտրությունների հարցը, սխալվում եք:  
-Քննարկվե՞լ է հարցը՝ ԲՀԿ-ն ինչի արդյունքում նման որոշում կայացրեց. վախեցրի՞ք, շանտաժի մեխանի՞զմ գործի դրվեց, թե՞ կոմպրոմատների փաթեթ բացվեց:     
-Ընդհանրապես մեր գործադիրում ԲՀԿ-ի խնդիր՝ որպես այդպիսին, չի եղել: Մենք մեր նախապատրաստական աշխատանքներն ենք քննարկել՝ ընտրությունների մասին: Այսինքն` մյուսների նման մեր թեկնածուին գովազդելու խնդիր չունենք: Միայն աշխատանքով պետք է ներկայանանք եւ կարողանանք այնպես կազմակերպել աշխատանքները, որպեսզի ժողովուրդը մեր թեկնածուին ձայն տա:
-Այնուամենայնիվ, Ծառուկյանը բրյուսելյան այցից հետո վերջին հանդիպումն ունեցավ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո որոշեց չառաջադրվել: Ձեր կուսակցության նախագահը ձեզ հայտնե՞լ է, թե ինչ զրույց է ունեցել ձեր նախկին կոալիցիոն գործընկերոջ հետ:  
-Դուք՝ լրագրողներդ, չգիտեմ ինչի, Բարգավաճ-Հանրապետական փոխհարաբերությունները անընդհատ բարդացնում եք: ԲՀԿ ղեկավարը՝ Ծառուկյան Գագիկը, իր հայտարարությունով սահմանափակեց ամեն ինչ: Իսկ թե մինչ այդ ինչ կարգի զարգացումներ եւ խոսակցություններ են եղել նախագահի եւ Ծառուկյանի, Ծառուկյանի եւ իր կուսակիցների, նախագահի եւ իր կուսակիցների միջեւ, դրանք ներքին խոսակցություններ են:  
-Լավ, իսկ չե՞ք քննարկել՝ Ծառուկյանն ինչու ասաց, որ կոռուպցիայի վրա նստած՝ կոռուպցիա են ման գալիս:
-Յուրաքանչյուր մարդ իր հայտարարության համար ինքն է պատասխան տալիս: Եթե ինչ-որ մեկի հայտարարությունը քննարկում եք տարբեր տեղերում, դա հավասար է բամբասանքի:
-Բայց նա հստակ հասցեատիրոջն էր ուղղել սլաքը:
-Եթե ինքն ուղղել էր, հարցն ուղղե՛ք պարոն Ծառուկյանին, նա էլ կոնկրետ կասի՝ ինչի համար է ասել:
-Այսինքն՝ դուք չե՞ք վիրավորվել՝ որպես իշխող կուսակցություն:
-Քաղաքականության մեջ վիրավորվել բառն ընդհանրապես գոյություն չունի: Ամեն մարդ թող իր ասածի համար պատասխան տա: 

ԻՄ ԴԵՊՔՈՒՄ ՉԿԱ ԾԵԾՈՂ ԿԱՄ ԾԵԾՎԱԾ

-Պարո՛ն Բեգլարյան, գործադիրում չե՞ք քննարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի ծնոտը կոտրելու մասին հնչեցրած սպառնալիքը (իհարկե, երեկ նա ներողություն խնդրեց):
-Ընդհանրապես էդ հարցը մեզ մոտ ամենացավոտն է: Բայց եկե՛ք հասկանանք, որ մենք խոսում ենք ե՛ւ մամուլի ազատությունից, ե՛ւ ընդհանրապես մարդկային փոխհարաբերություններից: Ես, իհարկե, չեմ ողջունում սպառնալիքների տոնով խոսելը, բայց կասկածում եմ, որ մարդը կարող է առանց պատճառի, անտեղի տեղը մյուսին վիրավորել: Ինչ-որ նախաբան եղել է: Ի վերջո, լրագրողը, որ զինված է կամերայով եւ միկրոֆոնով, կարող է այն պահից ձայնագրել, երբ իրեն ձեռնտու է: Այսինքն՝ հավասարություն չկա:
-Նույն տրամաբանությամբ լրագրողն էլ չունի մանդատ, չունի զենք, ինչն ունի Մհեր Սեդրակյանը:       
-Մհերը մենակ կանգնած էր ԱԺ-ի միջանցքում, որտեղ կանգնած էր լրիվ նույն հնարավորություններով եւ նույն դիրքով նաեւ լրագրողը:
-Լավ, այնուամենայնիվ, երեւույթը Ձեզ համար ընդունելի՞ է:
-Ո՛չ, ո՛չ:
-Բայց Դուք եւս նմանատիպ պատմության մեջ հայտնվեցիք մոտ 2 տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ ապտակել եք ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:
-Ես համաձայն չեմ Ձեզ հետ: Ես երբեք նմանատիպ պատմության մեջ չեմ եղել: Ուղղակի լրագրողներն են 2 տարի շարունակ իմ անունը արծարծել, երբ ուրիշների հետ եւս նմանատիպ պատմություններ են եղել: Դա շատ անարդար է, որովհետեւ, եթե մնացած բոլոր պատմություններում կոնկրետ կա ծեծող կամ ծեծվող, կշտամբող կամ կշտամբվող, վիրավորող եւ վիրավորված, իմ դեպքում չկա: Եթե որոշ մարդկանց շատ է պետք, որ յուրաքանչյուր միջադեպի առիթով իմ անունը շոշափվի, պիտի հիասթափեցնեմ. ես 2002թ.¬ից աշխատել եմ թաղապետ, 90-ականներին աշխատել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, էս կարգի միջադեպերում ես երբեք չեմ հայտնվել:
-Չե՞ք ապտակել, չե՞ք ծեծել Կանդայանին:
-Մեր մեջ ինչ եղել է՝ երկուսիս խնդիրն է: Այդ մասին ուրիշ ոչ ոք խոսելու իրավունք չունի: Ո՛չ Կանդայանը, ո՛չ ես այդ մասին չենք խոսել:
-Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեցիք:
-Հարցը ապտակել-չապտակելը չէ: Այդ պահին ես որոշեցի, որ շատ կարեւոր է իմ հրաժարականը, որովհետեւ որպես քաղաքապետ՝ ես այդ տիպի խոսակցություն չպիտի վարեի: Ես գտա, որ դրանով չարաշահել եմ նախագահի, կուսակցության եւ իմ ժողովրդի վստահությունը: Հասկանալով դա՝ որոշեցի հրաժարական տալ:
-Լավ, ո՞վ է մեղավոր:
-Էստեղ ո՛չ Դոմինգոն է մեղավոր, ո՛չ Բեգլարյան Գագիկը, ո՛չ Կանդայան Արամը: Եղել է տղամարդկային խոսակցություն:
-Երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում տղամարդ էր փնտրում: Հիմա, որպես ունկնդիր, իմ տպավորությունն այնպիսին էր, որ, այնուամենայնիվ, տղամարդու պակաս կա երկրում:
-Համաձայն չեմ: Մեր երկրում նորմալ տղամարդիկ շատ կան՝ թե՛ պաշտոնյա, թե՛ անպաշտոն:   
-Հիմա հիմնավորե՞մ. տղամարդկային զրույցը դարձավ հրապարակային քննարկման առարկա ու, ի վերջո, հանգեցրեց Ձեր հրաժարականին:  
-Ես իսկապես հասկացա, որ ի պաշտոնե նման զրույցներ վարելու իրավունք չունեի, որի համար ներողություն եմ խնդրում Երեւան քաղաքի բոլոր բնակիչներից: Ժողովո՛ւրդ ջան, կներեք, որ մի զրույցի պատճառով հրաժարական եմ տվել եւ չեմ կարողացել 3,5 տարուց մի քիչ պակաս ծառայել ձեզ:
-Հիմա Դուք նեղացա՞ծ չեք գործող իշխանությունից:
-Ես նեղացած եմ միայն ինձանից: Ուրիշ ումի՞ց պետք է նեղանամ: Եթե զրույցը վարել եմ ես, եթե հրաժարականը տվել եմ ես, նեղանալու ի՞նչ խնդիր կա ինչ-որ մեկից:
-Պարո՛ն Բեգլարյան, ամեն ինչ գաղտնազերծեցիք, կասե՞ք՝ ի վերջո, ինչից էր անհրաժեշտություն առաջացել ունենալ տղամարդկային զրույց: Ի՞նչ էր կատարվել Դոմինգոյի համերգի ժամանակ:        
-Նախ սկսենք նրանից, որ ես հրավիրատոմս չեմ ստացել, ես զանգ չեմ ստացել, որ Դոմինգոյի համերգին ներկա է լինելու նաեւ հանրապետության նախագահը: Ես ստացել եմ տոմսեր՝ իրենց տեղերով: Տոմսերը տվել եմ կնոջս, որը դասական երաժշտության սիրահար է, ընկերուհու հետ գնացել է համերգ: Նստած է եղել իր տեղում: Կանդայանը փորձել է մի քանի անգամ նրանց տեղափոխել, խախտել է էթիկայի նորմերը, հետո վերջում հասկացել է, որ մարդիկ նստած են իրենց տեղում եւ ոչ մեկին չեն խանգարում: Ես հաջորդ օրը միայն մի բան եմ ճշտել նրա հետ՝ ի՞նչն է եղել պատճառը, դու չե՞ս նկատել, որ նրանք իրենց տեղում են նստած:
-Իսկ Ձեր տղամարդկային զրույցը որտե՞ղ է տեղի ունեցել:
-Իմ մեքենայի մեջ:
-Նախագահական նստավայրի տարածքո՞ւմ, թե՞ հեռու:
-Նախագահի նստավայրից դուրս: Հետո քաղաքավարի իջել ենք մեքենայից եւ զրույցը շարունակել քաղաքապետարանում:
-Այդ դեպքից հետո մտադրություն ունե՞ք քաղաքապետի թեկնածու առաջադրվել 2013-ի մայիսին:
-Այդ հարցը կորոշի կուսակցությունը: Եւ ում կառաջադրի կուսակցությունը, ես կպաշտպանեմ նրան:

ՑԱՆԿԱՑԱԾ ՍԽԱԼ ԳԱԼԻՍ Է ՄԵԶԱՆԻՑ

-Դուք գո՞հ եք այսօրվա Ձեր կարգավիճակից:
-15 տարեկանից սկսած՝ ես իմ կարգավիճակից գոհ եմ, որովհետեւ կյանքի նկատմամբ այլ մոտեցում ունեմ: Երբեք ինչ-որ խնդրի համար դիմացինիս չեմ մեղադրում: Փորձում եմ իմ մեջ գտնել սխալները, որոնք ես արել եմ: Կյանքը տրված է մեզ, որ շտկենք մեր բոլոր սխալները, վերանայենք մեր մոտեցումները՝ առանց քննադատելու ուրիշին: Ցանկացած սխալ գալիս է մեզանից:
-Սերժ Սարգսյանը վերջերս խոսեց «ատկատների» մասին, որոնք առկա էին նաեւ Ձեր նախարարությունում: Վերացրե՞լ եք:
-«Ատկատը» մեզ մոտ սահմանափակել ենք, բայց կոռուպցիոն ռիսկերը դեռեւս գոյություն ունեն, ինչի վերացման համար առաջին հերթին պետք է քաղաքաշինության ոլորտում գործող նորմատիվային ակտերը փոխել, որոնք գալիս են դեռ խորհրդային տարիներից: Այսինքն՝ գլխից պիտի այդ բարեփոխումներն անենք, որ խարդախության, կեղծիքի տեղ չմնա:
-Եւ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ:
-Մենք ունենք ՀՀ նախագահի հանձնարարությունը, այդ ուղղությամբ քրտնաջան աշխատում ենք: Նույն ակտերի մասով հանձնարարություն է տվել նաեւ կառավարությանը, որպեսզի արագ դրանք վերանայվեն: Ու երեւի 2013-ին այդ խնդիրը էլ չենք ունենա:                         

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս