Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին և հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, և ստեղծված են լավ նախադրյալներ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաև, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առևտրային գործընկերներից է:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարութան կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար: Հանդիպմանը քաղաքական և տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարևորվել է նաև մշակութային, գիտակրթական, ռազմական և մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ս.թ. ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա ուժեղ պետության ուժեղ ղեկավարի համոզված ելույթ էր:

Նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ շարունակելու երկու երկրների միջև զարգացնել առկա համագործակցությունը և նպաստելու փոխգործակցության նոր ոլորտների ներգրավմանը երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:




Լրահոս