ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԶՈՒԼԱԼՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է լռություն պահպանել նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ: Փոխարենը, երեկ ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր «Ազատություն» կուսակցության համագումարում առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու:
Հրանտ Բագրատյանն իր որոշումը այսպես պատճառաբանեց. նախագահական ընտրություններում պարտադիր է ունենալ ազատական գաղափարախոսություն կրող թեկնածուի առաջադրումը, որպեսզի լիբերալ թեւը հավաքվի մեկ տեղում: Իր քայլը նա նաեւ մեկնաբանեց հետեւյալ կերպ «Իմ առաջադրման մեջ կա նաեւ ամեն ինչ արագացնելու, որոշակիացնելու պահանջ»: Մյուս կողմից Բագրատյանը նաեւ վստահեցրեց՝ Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում ինքը չի մասնակցի ընտրություններին, այլ՝ կսատարի նրան: «Եթե ես տեսնեմ, որ ինքը առաջադրվում է եւ ուզում է մտնել պայքարի մեջ, ես չեմ անի այնպես, որ հանրապետությունում ժողովուրդը նստի ու մտածի, Բագրատյան, թե՝ Տեր-Պետրոսյան: Դա սխալ կլինի: Այո, իհարկե, ասել եմ, որ կհանեմ»,- տեղեկացրեց Բագրատյանը:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա թեեւ նա ելույթ ունեցավ շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարում, սակայն չպատասխանեց հիմնական հարցին՝ արդյոք կառաջադրվի նախագահական ընտրություններում, թե ոչ: Նա նույնիսկ կատակեց. «Ես դիմել եմ բոլոր գերտերություններին` Ամերիկային, Չինաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանը: Մինչեւ նրանց հավանությունը չստանամ, ես չեմ կարող պատասխան տալ ձեզ: Հիմա իրենք գլուխ են ջարդում, նստած ստրատեգիան են որոշում: Ինձ խոստացել են 2 օրից պատասխանել»: Իսկ համագումարի ելույթը նվիրված էր «ռուսամետ կամ արեւմտամետ» բաժանումներին, ինչը Տեր-Պետրոսյանը որակեց խիստ վտանգավոր: Նա նաեւ հավելեց. «Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որեւէ գերտերության կամ որեւէ գաղափարախոսության: Կործանարար է ինչպես միակողմանի արեւմտամետ, այնպես նաեւ ռուսամետ կողմորոշումը, իսկ շատ ավելի կործանարար կլինի հակաամերիկականությունը կամ հակառուսականությունը»: Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ այն տեսակետին, թե իբր Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները եւ անգամ նախագահ ընտրել: «Ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը երբեք չի կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ լիդեր եւ նրան նախագահ դարձնել: Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե ինչ-որ ձեւերով լեզու գտնեն արտաքին ուժերի հետ, նրանք այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան: Դու այստեղ դարձիր նախ լիդեր, որից հետո քեզ հետ այնտեղ հաշվի կնստեն»,- ասաց նա:
ՀՀՇ համագումարից հետո ՀԱԿ ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց տպավորությամբ՝ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի. Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով, ինքը կասկած չունի, որ առաջին նախագահը կառաջադրվի: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ ասաց, թե ՀՀՇ համագումարով իրենք ցույց տվեցին Տեր-Պետրոսյանին, որ վերջինս առաջադրման դեպքում ՀՀՇ-ն պատրաստ է իր ողջ թիմով աջակցել նրա թեկնածությանը: Իսկ  ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանն ասաց, որ թեեւ ՀԱԿ առաջնորդի ժողովրդականությունը 2008-ի համեմատ նվազել է, նա պետք է առաջադրվի, քանի որ եթե նա ներկայացնի հստակ ծրագիր, այդ վստահությունը ոչ միայն կարող է վերականգնվել, այլ կարող է ավելանալ: Ի դեպ, առաջին անգամ ՀՀՇ համագումարին մասնակցում էին ՀՅԴ ներկայացուցիչները՝ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբաձումյանը: Սակայն ի տարբերություն համագումարի մյուս մասնակիցների ու հյուրերի, միայն ՀՅԴ-ականներն ու «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էին, որ հոտընկայս չդիմավորեցին Տեր-Պետրոսյանին, ոչ էլ՝ ծափահարեցին նրա ելույթին: Ավելին, համագումարի ժամանակ իրենք նաեւ ողջույնի խոսք չասացին:
Շաբաթ օրը հանրային ժողով էր հրավիրել նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հայտարարեց ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններին մասնակցելու է ինքնառաջադրմամբ: Նա նշեց, որ փետրվարի 18-ը Հայաստանում լուրջ քննություն է լինելու բոլորի համար: Թեեւ, մյուս կողմից Հովհաննիսյանի խոսքերով, առաջիկա նախագահական ընտրություններում ընտրակեղծիքները լինելու են «ավելի սքողված, ավելի արդիական»:
Նույն օրը համագումար էր հրավիրել նաեւ ՕԵԿ-ը: Վաղուց ի վեր ՀՀԿ-ի արբանյակը դարձած այս կուսակցության համագումարում որոշվեց ոչ թե սեփական թեկնածու առաջադրելու, այլ՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ուշագրավ է, որ Արթուր Բաղդասարյանը դահլիճ մտավ ետնամուտքից, ու այդտեղից էլ հեռացավ՝ խուսափելով լրագրողներից ու իր կուսակցականներից: Նա հայտարարեց, որ ուզում է ընտրություններն անցկացվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, որ իրենց կողմից սատարվող թեկնածուն` Սերժ Սարգսյանն էլ ընտրվի առանց ոմանց կողմից մատուցված արջի ծառայությունների:
Փաստորեն, նախագահի ընտրություններից մոտ երկու ամիս առաջ հստակություն կա միայն իշխանական ճամբարում: Իսկ ընդդիմադիր դաշտը դեռեւս վերջնականապես չի կողմնորոշվել ո՛չ թեկնածուի, ո՛չ էլ՝ ընդհանրապես մասնակցել-չմասնակցելու առումով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս