ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԿՏԻՈՒԹՅԱՆ «ՄՇՏԱԿԱՆ»
Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաբռգածություն, թե՞ տարրական դաստիարակության պակաս… Ինչ է ստացվում, եթե շատ փող ունես, ապա երիտասարդ աղջկան` լրագրողուհուն, կարող ես պրաստիտուտկա անվանել… Ես մտածված չգրեցի մեծահարուստ բառը, որովհետեւ ես այդ բառը ավելի լայն ձեւով եմ ընկալում, ավելի տարողունակ… Մինչդեռ, կարող ես շատ փող ունենալ եւ մնալ բռի ու անմակարդակ: Ոմանց թվում է, որ շատ հարուստ լինելու, փող ունենալու դեպքում լկտիության, անդաստիարակության, անքաղաքավարության «մշտական» ունեն նաեւ: Դա ես չեմ համարում անպատժելիության հետեւանք, դա ընդամենը դաստիարակության պակաս է, ընդամենը…»: Մելքոնյանն արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանի հասցեին գործարար Խաչիկ Խաչատրյանի թույլ տված  անպարկեշտ արտահայտությանը:

ԱՊՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական  վարչության ընդլայնված նիստ՝ օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստում որոշում է ընդունվել. «Նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ եւ հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական եւ քաղաքական կացությունը,  պաշտպանել նրա թեկնածությունը եւ սատարել նրան ընտրությունների ընթացքում»: Այսպիսով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողացավ ապահովել իր կողմից հովանավորվող կուսակցության սատարումը Սերժ Սարգսյանին:

ՀԱՐՑԵՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ
Գործարար Ալեքսեյ Կորեպանովը բաց նամակով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որում մասնավորապես ասված է. «Երեւանի կենտրոնում գեղեցիկ եւ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող շենք կառուցելու իմ մտադրությունն այդպես էլ մնաց մտադրություն, որովհետեւ Ձեր սանիկները՝ Օսիպյանների ընտանիքը եւ մասնավորապես ԽՍՀՄ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ազնիվ համագործակցության փոխարեն նախընտրեց գողանալ իմ կողմից ներդրված գումարները: Պատմությունն այս, անշուշտ, Ձեզ լավ ծանոթ է: Դուք ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի հայկական արդարադատությունը քողարկի Օսիպյանների հանցանքը»: Կորեպանովը Մկրտումյանին հարցնում է. «Մի՞թե Ձեզ չի անհանգստացնում Հայաստանի բիզնես հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչո՞ւ եք խանգարում արտասահմանցի ներդրողների գործունեությանը Հայաստանում, ինչո՞ւ եք աղտոտում Ձեր իսկ երկրի արդարադատության համակարգի համբավը՝ ավելի մեծ հիասթափություն բերելով Հայաստանի քաղաքացիներին»:

ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ
«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը երեկ՝ «Ազատություն» կուսակցության 9-րդ արտահերթ համագումարից առաջ, լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ չէր գնացել ՀՀՇ-ի համագումարին, քանի որ վատառողջ էր: Նա նաեւ  խուսափել է հստակ նշել` ինքն այժմ ՀԱԿ անդամ է, թե ոչ: «Համաժողովրդական շարժում է եղել, ես էլ միացել եմ: Հրապարակում ժողովուրդն ա եղել, ես էլ նրանց կողքին եմ եղել»,-ասել է  Միքայելյանը: Հարցին, թե հնարավոր է՝ պաշտպանի Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, Միքայելյանն ասել է. «Կյանքը ցույց կտա»: Ի դեպ, ՀՀՇ համագումարին հրավիրվել, սակայն չէր մասնակցում նաեւ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս