ՍՊԱՆԵԼ Է՝ ՄՈՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ պետք է անի շարքային զինվորը, երբ պետը խմում եւ աչք է դնում իր մոր վրա. ավելին, փորձում է հենց իր ենթակա զինվորից պարզել` նրա մայրը բարոյական ինչ նկարագիր ունի… Եւ անպարկեշտ հարցադրումը ճակատագրական է դառնում գինուց գլուխը կորցրած պետի համար, ինչպես կապիտան Անդրեյ Հարությունյանի դեպքում:
«Եղնիկներ» տխրահռչակ զորամասի սպա, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Անդրեյ Հարությունյանը իրեն ենթակա 9 զինվորների հետ 2011թ. հունիսի 27-ին ուղեւորվել է զորամասի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկը` ինժեներական աշխատանքներ կատարելու: Դրանից 15 օր անց` հուլիսի 13-ին, կապիտանի ենթականերից շարքային Անդրանիկ Ղահրամանյանը մեկ օրով տուն գնալու թույլտվություն է խնդրել հրամանատարից եւ գնացել զորամասից ոչ այնքան հեռու գտնվող իրենց գյուղ: Երբ Անդրանիկի հայրն իմացել է որդու` տուն վերադառնալու մասին, ցանկացել է նրա հրամանատարին հրավիրել իրենց տուն, հետը ծանոթանալ եւ հյուրասիրել: Անդրանիկը սկզբում չի համաձայնել, բայց երբ հայրը պնդել է, ստիպված համաձայնել է:
Հաջորդ օրը վաշտի հրամանատար Ա. Հարությունյանին հրավիրել են Ճարտար գյուղ. զինվորի ծնողները սեղան են բացել հյուրի առաջ, նրա եւ իրենց ազգականների հետ հաց կերել, ալկոհոլ օգտագործել, իսկ հետո սպան մնացել է Անդրանիկենց տանը` գիշերելու: Սակայն այնքան շատ է խմել, որ խմիչքից վատ զգալով` առավոտյան ժամը 7-ին դուրս է եկել սենյակից եւ նստել Անդրանիկենց տան պատի տակ: Անդրանիկն արթանցել է եւ տեսնելով պետին` հարցրել, թե ինչ է պատահել: Կապիտանը պատասխանել է, որ շատ է խմել եւ դուրս է եկել օդափոխվելու: 10-15 րոպե զրուցելուց հետո, ըստ ամբաստանյալ Անդրանիկ Ղահրամանյանի ցուցմունքի, Ա. Հարությունյանն իրեն ասել է. «Անդրանի՛կ, բայց մամադ լավն ա, սիրուն ա. տեսե՞լ ես՝ ոնց ա նայում, կարո՞ղ ա…»: Դա Անդրանիկի համար անսպասելի է եղել եւ, որպեսզի ընտանիքի անդամները չիմանան, պատասխանել է. «Պարո՛ն կապիտան, սպասի՛, ես քեզ հետո կասեմ»: Նախաճաշելուց հետո նրանք ճանապարhվել են ծառայության` ինժեներական աշխատանքներ կատարելու վայր: Այնտեղ հաց ուտելու եւ տնից բերած գինին խմելու ժամանակ կապիտան Հարությունյանը նորից նույն թեման է բացել, իսկ զինվորը խիստ զայրացած ասել է, որ թեման փոխի: Հաց ուտելուց հետո նրանք մտել են վրան ու պառկել: Շուրջ 10 րոպե անց Անդրանիկը զգացել է, որ կապիտանը քնել է: Այդ ժամանակ Անդրանիկը զինվորներից Մուշ Մուրադյանին առաջարկել է կապիտան Ա. Հարությունյանի մահճակալի մոտից բերել նրան ամրակցված ինքնաձիգը, սակայն Մ. Մուրադյանը հրաժարվել է: Այնուհետեւ նույն առաջարկով Անդրանիկը դիմել է մեկ այլ զինծառայողի` Դավիթ Ղահրյանին, եւ ինքը վրանից դուրս է եկել: Դավիթը Անդրանիկից ճշտել է, որ եթե հանկարծ կապիտանը արթնանա եւ հարցնի` ինչու է իր զենքը վերցնում, ինքը ի՞նչ ասի, Անդրանիկը պատասխանել է` «Ասա՛ տանում եմ մաքրեմ»: Այդպես էլ Դավիթը քնած կապիտանի մոտից զգուշորեն վերցրել է նրա զենքը, հետո նաեւ պահունակը եւ տվել Անդրանիկին: Վերջինս էլ դրսում լիցքավորել է ինքնաձիգը, ապահովիչը դրել մենահատ կրակոցի վրա, մտել վրան, կանգնել երկու մահճակալների արանքում եւ 30 սմ հեռավորությունից կապիտանի գլխին 2 կրակոց արձակել` տեղում սպանելով նրան:
Դրանից հետո իրավապահները կալանավորել են Անդրանիկին եւ հիշելով նրա կողմից նաեւ հուլիսի սկզբին կատարված եւս մեկ դեպք (երբ Անդրանիկը փամփուշտի մարտական գլխիկը փոխարինել էր մոմով եւ զինվորներից Սահակ Առաքելյանին վախեցնելու նպատակով կրակել նրա ոտքին եւ վնասել)` նրան մեղադրանք առաջադրել սպանության եւ զինծառայողների փոխհարաբերությունները զենքի կիրառմամբ խախտելու համար: Իսկ Դավիթ Ղահրյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու եւ զինծառայողների փոխհարաբերությունները խախտելու համար (դեպքից մեկ ամիս անց նա հրել է սխալմամբ իրեն ապտակած մեկ այլ զինծառայողի):   
Ամենաթեթեւ մեղադրանքը առաջադրվել է Մուշ Մուրադյանին` նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու համար:  
Անդրանիկ Ղահրամանյանն ընդունել է մեղքը, իսկ Դավիթ Ղահրյանն ու Մուշ Մուրադյանը չեն ընդունել մեղադրանքը` պատճառաբանելով, որ իրենք կարծել են, թե Անդրանիկը զենքն ուզում է «բանկաների» վրա կրակելու նպատակով: Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել ամբաստանյալների մեղքը` Անդրանիկ Ղահրամանյանին դատապարտելով 12 տարվա, Դավիթ Ղահրյանին` 8 տարի 1 ամսվա, իսկ Մուշ Մուրադյանին` 1 տարվա ազատազրկման: Այժմ Մուշը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից խնդրում է դադարեցնել քրեական հետապնդումը իր նկատմամբ` հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ կամ պատիժը նշանակել տուգանքի ձեւով, իսկ Անդրանիկը խնդրել է իր նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատժաչափ:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս