Հունվարի 9-ին կմեկնարկի Ռազմիկ Աբրահամյանի հայցի քննությունն ընդդեմ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի: Երեկ՝ դեկտեմբերի 24-ի նախնական դատական նիստում, այդպիսի որոշում է կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը:
Հիշեցնենք, որ հայցվորը «պեդոֆիլության» համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, ազատազրկման վայրից վերջերս վերադարձած 69-ամյա Ռազմիկ Աբրահամյանն է, որը վիճարկում է երկու թերթերում 9 տարի առաջ՝ 2003թ.-ին հրապարակված հոդվածները. ըստ հայցվորի՝ այդ հոդվածներով արատավորվել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:
Իսկ մինչ դատարան դիմելը Ռ. Աբրահամյանը դիմել էր ոստիկանության Կենտրոնի բաժին՝ միայն «Առավոտ» օրաթերթի լրագրողին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Լրագրողն էլ բացատրություններ էր տվել եւ իրավապահներին ներկայացրել Ռ. Աբրահամյանի վերաբերյալ դատավճիռը, որտեղ նա ընդունել է մեղադրանքը եւ դատապարտվել: «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Վահագն Հովակիմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործի հարուցման մասին ոստիկանությունից որեւէ ծանուցագիր կամ տեղեկություն չեն ստացել: Իսկ դատարանից ծանուցագիր ստացել են եւ ներկայացրել հայցի դեմ իրենց առարկությունները՝ նշելով, որ դա եղել է լրագրողական հետաքննություն, որում նշված փաստերը հետագայում հաստատվել են դատավճռով: «ՀԺ»-ն միաժամանակ խնդրել է հայցը մերժել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ