Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՆՐԱՆՑ ՕՁԻ ՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյան
Խեցգետինների համար տարին հաջողակ կլինի, եթե նրանք չսահմանափակվեն աշխատանքում զուտ մասնագիտական պարտականությունների կատարմամբ, այլեւ ստեղծագործեն, հանդես գան նորարարություններով:
Սերժ Սարգսյանի դեպքում սա լիովին հնարավոր տարբերակ է. դեռ 2012-ին նա ջանքեր չխնայեց ընդդիմությանը շարքից հանելու համար նորանոր հնարքներ գործադրելու ուղղությամբ: Նաեւ քաղաքականության մեջ կիրառեց իր մեթոդները՝ հանդես գալով որպես «ջղային» եւ «արդարամիտ» ղեկավար: «Տիգրա՛ն, ես շատ դժգոհ եմ», «Դերո», «սիրուն չէ» եւ նմանատիպ այլ հնարքները հավանաբար կկատարելագործվեն ընտրություններից անմիջապես առաջ, եւ Սերժ Սարգսյանը նույն վճռականությամբ կտոնի իր հաջորդ փայլուն հաղթանակը:

Տիգրան Սարգսյան
Տարվա սկիզբը Ջրհոսների համար կարիերայի առումով խառն է լինելու: Նրանք խճճվելու են տարբեր առաջարկների եւ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունների միջեւ: Գարնանը Ջրհոսը կարող է բարդություններ ունենալ գործընկերների հետ հարաբերություններում, որոնք իրենցից ավելի ուժեղ դուրս կգան եւ կկանգնեցնեն իրեն փակուղու առջեւ:
Է՜հ, ոնց տեսնում ենք, Տիգրան Սարգսյանն ամեն դեպքում ընտրություններից հետո վարչապետ չի մնա, եւ կիրականանա իր բազմաթիվ ՀՀԿ-ական գործընկերների երազանքը: Բացի այդ էլ, Ծառուկյանի նման մարդուն հո չե՞ն նեղացնելու…
Մնում է՝ Սարգսյանը ճիշտ կողմնորոշվի, թե որ պաշտոնն է զբաղեցնելու՝ հետ գնա ԿԲ նախագահ, թե ինչ-որ նոր անակնկալ ունի մեզ մատուցելու:

Հովիկ Աբրահամյան
Մի տեսակ շատ չե՞ն Ջրհոսներն իշխանության կազմում…
Հովիկ Աբրահամյանին էլ սպասում են նույն խուճուճ վիճակները երկու քարի արանքում՝ մնալ ԱԺ նախագա՞հ, թե՞ կրկին հեռանալ եւ գլխավորել նախընտրական շտաբը կամ նման մի այլ բան, եւ հետո էլ մտածել, թե ինչպես նորից վերադառնալ ԱԺ, որն իր տունն է, քանի որ առանձնապես իր տնից չի էլ տարբերվում: Գործընկերների հետ էլ հարաբերությունները կրկին խառն են լինելու. մի կողմից՝ կուսակցություն, մյուս կողմից՝ խնամի, այն էլ այդպիսի խոշոր եւ աչքի ընկնող: Եթե հաշվի առնենք մեր պետության աներձագա-խնամիա-բաջանաղա-քավորսանիկական ուղղվածությունը, նաեւ այն հանգամանքը, որ այդ ուղղվածությունը ճանաչված է որպես գերակա ճյուղ, ապա պարզ կդառնա, որ Հովիկ Աբրահամյանի վիճակն էլ մի վիճակ չէ:

Սեյրան Օհանյան
Խեցգետիններին գալիք տարվա սկզբին դեպրեսիա է սպասվում: Նրանց կվախեցնեն իրենց շուրջը կատարվող գործընթացները, եւ այդ ընթացքում կթաքնվեն ինչ-որ մեկի մեջքի հետեւում:
Հուսանք, որ Սեյրան Օհանյանի համար դեպրեսիայի եւ վախի պատճառը կլինի ոչ թե պատերազմի վտանգը, այլ իր համակարգի ներսում առկա չարաշահումների բացահայտումը եւ գեներալ Խաչատուրովի հետ լարված հարաբերությունները:

Գորիկ Հակոբյան
ԱԱԾ տնօրենը եւս Ջրհոս է: Ինչպես մյուս Ջրհոս պաշտոնյաներին, նրան եւս սպասվում են խառը վիճակներ, քանի որ մի կողմից երկրում սահմանադրական կարգի եւ անվտանգության պահպանումն է, իսկ մյուս կողմից՝ այդ նույն սահմանադրական կարգը պարբերաբար խախտող, կաշառակեր բարձրաստիճան պաշտոնյաները, օրեցօր հղփացող քրեածին օլիգարխները, որոնց սանձարձակություններն ու իրենց հաստավիզների գոյությունն արդեն իսկ սպառնալիք են քաղաքացիների անվտանգությանը: Հիմա ինչպե՞ս պետք է այդ բոլոր վտանգների դեմն առնեն:

Արթուր Բաղդասարյան
Կարիճները 2013-ին հաջողություններ կունենան գործունեության մեջ: Պոպուլիզմի ռահվիրա Արթուր Բաղդասարյանի դեպքում կարող ենք կասկած էլ չունենալ. հաջողությունը նրան միշտ ուղեկցել է եւ կուղեկցի: Կարիճները կշարունակեն իրենց սկսած ճանապարհը եւ կիրականացնեն իրենց մտադրությունները, կլուծեն մի քանի աղմկահարույց խնդիրներ: Սա էլ է բնորոշ ՕԵԿ նախագահին, քանի որ նրա մոտ լավ է ստացվում ոչ միայն աղմկահարույց խնդիրներ ստեղծելը եւ «լուծելը», այլեւ աղմկալից եւ նախագահասեր ճառեր ասելը:

Վլադիմիր Գասպարյան
Կույսերին 2013-ին ավելի համարձակ քայլեր են սպասվում: Կարո՞ղ ենք սրա հիման վրա հուսալ, որ գալիք տարում ոստիկանապետն ավելի համարձակորեն, բացի միջին կալիբրից, կզբաղվի նաեւ խոշոր կալիբրի օրինախախտներով (եղբորորդի, Թոխմախի Մհեր եւ նմանատիպ դեմքեր ու դեպքեր), որոնց ամենաթողության վրա այսօր, չգիտես ինչու, աչք է փակվում:

Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երբեմնի միակ տղամարդը, որն առ այսօր երկրորդին չի գտնում, 2012-ին համարձակ քայլերի փոխարեն ստվերում մնաց եւ «ջիջիլ» գցեց «այլընտրանքի մասսովկային»: Որքա՜ն մարդիկ հույսեր կապեցին այս Կույսի հետ, եւ որքա՜ն մարդիկ կուսախաբ… վա՛յ, կներեք, հուսախաբ եղան:
Բայց դե միակ տղամարդ Կույսի համարձակ քայլերը սպասվում են 2013-ի սկզբին:

Աղվան Հովսեփյան
Ոստիկանապետինը՝ հասկացանք, իսկ որո՞նք են լինելու գլխավոր դատախազի համարձակ քայլերը: Վերջիվերջո, ձուկը գլխից կբռնի՞, թե՞ էլի պոչերի հետեւից կընկնի: Դժվար…
Բայց, այնուամենայնիվ, կլինեն ոլորտներ, որտեղ Աղվան Հովսեփյանը եւ իր ղեկավարած կառույցը համարձակությամբ մրցակից չեն ունենա. օրինակ՝ եղբայրա-աներձագա-զեմլյակական համակարգի ամրապնդման հարցում՝ համարձակորեն փորձելով կոծկել իրենց համակարգի ներսում տեղի ունեցած ծեծկռտուքները եւ վարկաբեկելով այն լրատվամիջոցին, որն այդ մասին կբարձրաձայնի:

Լեւոն Տեր-Պետրոսյան
Այծեղջյուրի հորոսկոպում նշված է, որ գալիք տարին կարող է նրան հաղթանակներ բերել միայն այն դեպքում, եթե շատ եւ տքնաջան աշխատի: Այսինքն՝ առաջին նախագահը կարող է հաղթանակի որեւէ հույս չունենալ, քանի որ ո՛չ շատը տեսանք, ո՛չ էլ տքնաջանը:
Նաեւ նշված է, որ Այծեղջյուրները հեղափոխական գաղափարներ են ունենալու, բայց դրանք իրագործելու փոխարեն հույսը դնելու են հեշտ հաղթանակների վրա:
Մի խոսքով՝ անհույս վիճակ է, ու եթե Ծառուկյանի մոտ խոսքն այդպես էլ համառորեն գործ չի դառնում, ապա այստեղ ոչ միայն խոսքը, նույնիսկ միտքը գործ չի դառնում: Անցնենք Ծառուկյանին…

Գագիկ Ծառուկյան
Աղեղնավորի համար տարին հաջողակ է լինելու նյութական առումով, օգտվելու է նախորդ տարվա «բոնուսներից», լինելու է առաջընթաց, եւ այդ հարցում դժվարություններ չեն լինելու:
Դե ո՞վ ունի Ծառուկյանի հնարավորությունները, մի քանի հատ էլ առյուծ կգնի, մի 2 տեղ էլ գործարաններ կկառուցի, Բելառուսն էլ իրենով կանի: Ի՞նչ անենք, որ խոսքն էլ մնաց խոսք, կարեւորը՝ փող լինի: Մի խոսքով՝ կկառուցի բարգավաճ Հայաստան՝ իր տան սահմաններում եւ մտերիմների շրջանակում:




Լրահոս